Երևանի Ներքին Չարբախ թաղամասում, այսօր՝ ապրիլի 20–ին, տեղի է ունենում Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեսանյութ է հրապարակել միջոցառումից։
Փաշինյանը բաժակ բարձրացրեց և դիմելով Արթուր Աբրահամին, նշեց. «Սա իսկապես մեծ իրադարձություն է, սա նրա մասին է, թե ինչպես կարող է արվարձանային հատվածը դառնա կենտրոն։ Սա լավ օրինակ է նաև մյուսների համար։ Սա դառնալու է առնվազն բռնցքամարտի կենտրոն։
Երկու խնդիր կա. նախ շատ կարևոր է, որ մեր նվաճումների հասած մարզիկներն իմանան, թե Հայաստանն իրենցինչքան է սիրում ու գնահատում։ Երկրորդը, ակնհայտորեն, մեր երեխաները շատ են սիրում նվաճումների հասած մարզիկների և Արթուր Աբրահամին մասնավորապես։ Սա միջոց է, որ մենք մեր երեխաներին սպորտի, մարզական կյանքի հետ կարողանանք կապել։ Ես համոզված եմ, որ լիքը երեխաներ ընտրելով ձեր անվան ճանապարհը գալու են այստեղ»։
Արթուր Աբրահամյանը վարչապետին ցույց տվեց բնակիչների կողմից իր կառուցած այգին՝ նշելով, որ տնկվել է 33 ծառ, այգում կա անվճար vi-fi, տեսախցիկներ. «Ես շեշտը դրել եմ կանաչապատման ու մաքրության վրա։ Ցայտաղբյուր ենք կառուցել, նաև զուգարաններ ենք կառուցելու։
Ես ձեզ աշխարհի չափ շնորհակալ եմ, ամաչում եմ մարդկանց մոտ ասել։ Ես իմ սրտի խոսքը պետք է ասեմ, սա նորմալ բան չի, սա յուրահատուկ բան է, որ այսպիսի աղքատ մի թաղամասում նման բան եք ստեղծում։ Ոչ մեկս հավիտյան չենք, բայց սա մնում է։ Պարոն վարչապետ ձեզ բոլորը սիրում են, որովհետեւ դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում, այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են, հատկապես, որ այս դպրոցը կառուցում եք»,–ասաց մարզիկը՝ հավելելով, որ դպրոցում լավ է սովորել, գերազանց է ավարտել, նաև ավարտել է ԵՊՀ–ի իրավաբանական ֆակուլտետը։
Արթուր Աբրահամը Փաշինյանին հրավիրեց իրենց տուն թեյ խմելու, ինչը ընդունվեց։ Ճանապարհին Փաշինյանը խոստացավ, որ այս փողոցն էլ վերանորոգման կարիք ունի, որը կարվի։





