«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը քարոզարշավի 6-րդ օրը Տավուշի մարզում է: Մինչև այժմ վարչապետի թեկնածուի անունը գաղտնի պահող Գագիկ Ծառուկյանը Աչաջուր համայնքում հավաքված բնակիչներին հավաստիացնում է՝ ունեն լավ թիմ, խոստումնալից ծրագիր, որպեսզի երկիրը հանեն, իր բնորոշմամբ, «ծանր վիճակից»:
Շատ են խնդիրներն Աչաջուրում, նեղսրտում է մի տղամարդ ու կենտրոնանում գյուղատնտեսության վրա. «Տարիներ առաջ ունեինք մինչև 250, 300 հա աշնանացան ցորեն, այս տարվա կտրվածքով ընդամենը կարող է լինի 1-2 հա։ Սա ցավալիորեն եմ նշում, որովհետև Դուք նաև շեշտեցիք, որ գյուղնախարարություն չունենք, եթե գյուղնախարարություն չունենք, ինչի՞ մասին ենք մենք մտածում»։
Գյուղատնտեսության մասին ծավալված զրույցը Ծառուկյանը երկար չի շարունակում, առաջարկում է մարդկանց քայլ անել, որ փոփոխություն լինի: Դժգոհ է, իր տպավորությամբ շուրջբոլորը միմյանց վիրավորում են, նա նկատի ունի նաև վարչապետին:





