Search
Close this search box.

«Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտի». Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտի:
Աշնանային անձրևների սեզոնն է, անտառային ցեխոտ ճանապարհները բեռնատար ավտոմեքենաների համար դարձել են անանցանելի։ Տավուշի գյուղերում տները ձմռանը ջեռուցում են վառելափայտով, գյուղացիների տների մեծ մասում գազով աշխատող ջեռուցման համակարգեր տեղադրված չեն։

Անտառն այժմ փակվել է վառելափայտ տեղափոխելու համար, իսկ մարզի սահմանամերձ, անտառամերձ գյուղերի հազարավոր ընտանիքներ ձմռան համար վառելափայտի անհրաժեշտ պաշար չեն կուտակել։

Ամեն աշուն Տավուշի սահմանամերձ, անտառամերձ բնակավայրերի ամեն ընտանիքի տրվում էր անտառում 8 խորանարդ մետր պատրաստելու, տնօրինելու թույլտվություն, այս աշուն նման թույլտվություն տրվել է միայն վերոհիշյալ բնակավայրերի ընտանեկան և սոցիալական նպաստառու ընտանիքներին։

Սակայն նպաստառու ընտանիքներին թափուկ պատրաստելու թույլտվությունը ուշ տրվեց, անձրևները այդ ընտանիքներին խանգարեցին անտառում վառելափայտի թափուկ պատրաստելու, իրենց տներ տեղափոխելուն»։