Search
Close this search box.

Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։

«ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ.Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Անվադողերի վաճառքով զբաղվող, Գորիս քաղաքի 46-ամյա բնակչի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Այնուհետև, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից՝ թաքնվելով նաև քննությունից։

Վերջինս հետագայում հայտնաբերվել էր Երևան քաղաքում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ. Խաչատրյանին վերջնական մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հաստատելու վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել էր, և Տ. Խաչատրյանը կալանավորվել էր»,- գրում է լրատվամիջոցը։