Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնել եւ գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո. Մենք ունենք արձանագրված մի քանի տասնյակ դեպքեր, երբ մարդիկ սպանվել են հենց գերեվարման ընթացքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Գերիների հիմնախնդիրը էապես կապված է բռնի անհետացման խնդրի հետ, երբ թեեւ գերիների սպանված լինելու վերաբերյալ մենք ապացույցներ չունենք, բայց ունենք դեպքեր, երբ տսնյակ հայեր, շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների:
Գերիների մասով դրականն այն է, որ այս պահին մենք ունենք շուրջ 210 հայեր, որոնք հայրենադարձվել են, ընդ որում հայերանադարձման մաս են դարձել մինչեւ 2020-ի 44-օրյա պատերազմը սահմանային միջադեպերի հետեւանքով Ադրբեջանի իշխանությունների ներքո հայտնված հայերը:
Շուրջ 23 հայեր շարունակաբար պահվում են Բաքվում: ինչպես հայտնի է՝ 23-ից 5-ը գերեվարվել է 2020-ի ընթացքում, իսկ մնացած միջադեպերն արձանագրվել են 2023-ին: 23-ից 7-ը ավարտված դատավարությունների մաս են կազմել, նրանց առնչությամբ կան մեղադրական դատավճիռներ, եւ ըստ Ադրբեջանի նրանք պատիժ կրող հայեր են, որոնք ծանր հանցագործություններ են կատարել: Այդ դատապարտումների հիմքում դրվել են այնպիսի կեղծ մեղադրանքներ, ինչպիսիք ցեղասպանությունն է, կամ առաջին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարելը»,-ասաց Սիրանուշ Սահակյանը: