Շատերի նման ես էլ էի էյֆորիայի մեջ, սակայն մեծ հիասթափություն ապրեցի. Արմինե Գրիգորյան

ՀՀ բոլոր քաղաքացիների պես ես նույնպես 2018 թվականին ոտքի էի կանգնել, սակայն ես շատերից ավելի շուտ հասկացա, թե ինչ է կատարվում, «Տետ ա տետ» հողորդման ժամանակ, անդրադառնալով հեղափոխությանը և դրա հետևանքներին, ասել է երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը։

«Շատերը պատերազմից հետո են հասկացել, ես դեռ քովիդից առաջ էի հասկացել։ Այնքան վատ բաներ եղան։ Երբ դու պաշտպանում ես մի մարդու, հետո հասկանում ես, որ կարող ես այս տարիքում էլ խաբվել.

Այսքան դժբախտություններ եղան, շատ վատ բաներ տեսանք ու լսեցինք։ Ես տեսա, թե ինչպես է երկրի առաջին դեմքը ընդդիմադիր կանանց հեռախոսահամարներ տարածում։ Ես խելագարվեցի, հարցրի՝ այսպիսի բան է եղե՞լ։ ԱԺ ամբիոնից նա տարածում էր հանրապետական կանանց հեռախոսահամարներ։ Ո՞նց կարող էի այդպիսի տղամարդու պաշտպանել։ Ես լեղաճաք եղա։ Ես դա հետո եմ տեսել, դրա մասին չեմ իմացել, քանի որ բոլորի պես էյֆորիայի մեջ էի։ Երբ գնում էին մարդկանց տները, դագաղներ տանում, ես մտածում էի, որ ինքը տեղյակ չէ, հետո պարզվեց, որ լավ էլ իր թեթև ձեռքով էր այդ ամենն արվում։ Իմ շատ կոլեգաների շատ վատ վերաբերվեցին։ Շատ հիասթափություններ ունեցա»,-ասել է երգչուհին։

Նա ավելացրեց, որ երբ հիասթափվել է ներկայիս իշխանություններից, դրա մասին անմիջապես բարձրաձայնել է. «Ոչ թե շատերի նման, որոնք թաքուն բամբասում են, բայց եթերից ոչինչ չեն ասում։ Ես բոլոր հաղորդումների ժամանակ դա ասել եմ»։