Սակագների փոփոխությունից հետո Երևանի տրանսպորտը լինելու է տարածաշրջանում ամենաթանկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը` միաժամանակ շեշտելով, որ քաղաքային իշխանությունների առաջարկած թանկացումը որևէ ձևով հիմնավորված չէ։
Ինչպես հայտնի է, 2025թ–ի հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտի համար կներդվի ուղևորափոխադրումների սակագների նոր փաթեթը։ Ըստ այդմ` մեանգամյա ուղեվարձի արժեքը կկազմի 300 դրամ, 30 օրվա տոմսային փաթեթը կարժենա 8 800 դրամ, 90 օրվանը` 23 600, իսկ մեկ տարվանը՝ 88 000 դրամ։ Ընդ որում, փաթեթների դեպքում ուղևորությունների քանակը սահմանափակված չի լինի։ Բայց մեկ փաթեթից կկարողանա օգտվել միայն մեկ քաղաքացի:
«Ես որքան էլ փորձեցի գտնել բուն մասնագիտական հաշվարկներ, որոնց հիման վրա պետք է սակագինը բարձրանա, այդպես էլ չգտա»,– նշեց Գալստյանը։
Նա հավելեց, որ իր պաշտոնավարման տարիներին կատարած հաշվարկներով` երևանյան տրանսպորտի սակագինը 1 անձի համար չի կարող գերազանցել 150 դրամը։
«300 դրամ սակագինն անտրամաբանական է, բանական հաշվարկների մեջ չտեղավորվող։ Սոցիալական բնույթի հարց չի լուծում բացարձակ։ Տրանսպորտից օգտվում է երկրի ամենաաղքատ խավը, հետևաբար պետք է այնպես անել, որ դոտացիաներով գոնե ինքն իր ծախսերը ծածկի։ 150 դրամ սակագնի դեպքում, դոտացիայի հետ, ամեն ինչ կընկներ իր տեղը»,– նկատում է Գալստյանը` շեշտելով, որ աշխարհի որևէ երկրում հանրային տրանսպորտը չի դիտարկվում որպես շահույթ ստանալու աղբյուր։
Մասնագետն արձանագրում է, որ հարևան Վրաստանի մայրաքաղաքում ևս տրանսպորտի ուղեվարձը չի գերազանցում իր նշած 150 դրամը։ Այն 130-140 դրամի շրջանակում է, թեև ավտոբուսներն ավելի բարձր դասի են (Isuzu և Man): Տրանսպորտի վարչության նախկին պետը երևանյան տրանսպորտի ներկայիս պատասխանատուներին խորհուրդ է տալիս մեկնել Թբիլիսի, ուսումնասիրել հարևան երկրի հաջողված փորձը։
Էդգար Գալստյանի խոսքով` տրանսպորտի սակագնի հաշվարկը դասագրքային բանաձև է, որի պատասխանն ստանալու համար անհրաժեշտ է համադրել ուղևորագծերի ծածկույթը, երկարությունը, խտությունը, երթերի քանակը, ուղևորահոսքը։