Ռուբեն Վարդանյանի խնդիրն արդեն խիստ մարդասիրական բնույթ է ստանում, նրա առողջությանը վտանգ է սպառնում. Սիրանուշ Սահակյան

Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:

Տիկին Սահակյան, երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է հայ գերիներին, որոնք էլ իբր հայտնել են, թե գոհ են իրենց պայմաններից: Կից լուսանկարներում հատկապես Ռուբեն Վարդանյանը խիստ հյուծված տեսք ուներ, ընդ որում, նրան չգիտես ինչու լուսանկարել են դրսում: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Ինքներդ արդեն ճիշտ նկատեցինք, որ հրապարակված տեքստն ու լուսանկարներն ակնհայտ հակասության մեջ են: Ինչ վերաբերում է Ադրբեջանի օմբուդսմենին, ապա նրա գնահատականները չեն կարող անաչառ լինել: Նա չունի «A»  կարգավիճակ, սա նշանակում է, որ նա փարիզյան սկզբունքներին չի համապատասխանում, որպես օմբուդսմեն՝ գործառութային անկախություն չունի, կախյալ է գործադիր իշխանությունից և նրա կողմից ներկայացված զեկույցները չեն կարող արժանահավատ համարվել:

Այս մասը կարևոր է, ուստի մի փոքր պարզաբանեմ. ՄԱԿ-ի հովանու ներքո գործում է մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքը, որը խթանում է Փարիզյան սկզբունքների իրականացումը, որոնցով սահմանում են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և գործունեության չափանիշները: «A» կարգավիճակը վկայում է փարիզյան սկզբունքների լիակատար համապատասխանության մասին, «B»-ն՝ մասնակի բավարարման և գործառութային կախվածության մասին:  «A»  կարգավիճակ ունեցողները կարող են աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների տարբեր մեխանիզմների հետ, և նրանց զեկույցները համարվում են արժանահավատ, «B» կարգավիճակ (որն ունի Ադրբեջանի օմբուդսմենը) ունեցողների զեկույցները արժանահավատ չեն համարվում:

Բացի այդ, հրապարակված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի օմբուդսմենը սերտ կապեր ունի Ալիևյան  քաղաքական էլիտայի հետ, և այստեղ առկա է նաև քաղաքական սերտաճվածության  խնդիր: Նա  Ադրբեջանում հայտնի գործիչ Յաշա Ալիևի դուստրն է, իսկ ամուսինը  Մեջլիսի պատգմավոր և ակտիվ քաղաքական գործիչ է: Օմբուդսմենը մի քանի անգամ պարգևներ է ստացել Իլհամ Ալիևի կողմից, այդ թվում՝  ռազմական  ոլորտում համագործակցության համար:

Ուստի մեզ համար կարող են միայն արժանահավատ լինել մարդու իրավունքների և անկախ միջազգային փորձագետների գնահատականները, որոնց Ադրբեջանը թույլ չի տալիս այցելել մեր գերիներին:

Երեկ շարունակվեց Ռուբեն Վարդանյանի, իսկ դրանից մեկ օր առաջ՝ մյուս գերիների ու Արցախի ռազմաքաղաքական նախկին  ղեկավարության այսպես կոչված «դատավարությունը», որից հրապարակվել էին Արայիկ Հարությունյանի և Լյովա Մնացականյանի ցուցմունքները: Ի՞նչ նոր արձանագրումներ կարող եք անել.

Ուշագրավ է, որ մենք ունենք միայն ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության լուսանկարները, որոնք շրջանառում են մնացած բոլոր լրատվամիջոցները: Այս անգամ տեսանյութ չի հրապարակվել, հավանաբար որպեսզի խուսափեն ցույց տալուց այն վիճակը, որում գտնվում է Ռուբեն Վարդանյանը ՝ 15-օրյա հացադուլից հետո: Վարդանյանի դեպքն առանձնահատուկ է և նրա առողջության ու կյանքին ակնհայտորեն վտանգ է սպառնում: Չնայած այդ վիճակում՝ նա հրաժարվում է ցուցմունք տալ:  Թեև ծանոթանալով հրապարակվող «մեղադրանքներին», ցուցմունք տալու իմաստ էլ չկա:

Մյուս մեր քաղբանտարկյալների դեպքում ևս մենք չգիտեք՝ նրանք այնպիսի բաներ ասել են, որոնք ադրբեջանական մեդալները  փոխանցում են, թե ոչ:  Նիստերին ներկա է լինում միայն մեկ պետական լրատվամիջոց, նրանց խոսքը մոնտաժվում է:

Նշեցիք, որ Վարդանյանի կյանքն ու առողջությունը վտանգի տակ են: Ի՞նչ պետք է անել: 

Շատ կցանկանամ,  որ հաջողվի համոզել նրան դադարեցնել հացադուլը, այս պահին դա ամենակարևորն է: Ինչպես նաև պետք է  անել հանարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի միջազգային մարդասիրական որևէ  հրատապ գործիքակազմ կիրառվի: Խնդիրն արդեն խիստ մարդասիրական բնույթ է ստանում: