Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը: Նման հաղորդագրություն է քիչ առաջ տարածել Քննչական կոմիտեն։
Ըստ աղբյուրի, հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել էր լուսանկարներ, որտեղ Նարեկ Կարապետյանի անվան դիմաց նշված է ՌԴ քաղաքացի։
Արձագանքելով Նարեկ Կարապետյանի՝ իրեն ուղղված հայտարարությանը, Սիմոնյանը նշել էր. «Նարեկ Կարենովիչ, ինձ որևէ բան բացատրել պետք չի, կխոսեք քննիչի հետ»։ Սիմոնյանի երեկ երեկոյան արած այս հայտարարությունից շատ չանցած Քննչական կոմիտեն տարածեց այս հաղորդագրությունը։





