Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց, ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ սրեց: Այս մասին ասել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Մի քանի շաբաթ առաջ, երբ Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Փաշինյանին հրապարակային փաստի առաջ դրեց՝ ԵԱՏՄ և Եվրամիություն թեմայով, Փաշինյանը ահավոր սխալ դիվանագիտական պատասխան տվեց, երբ ասաց՝ այնքան ժամանակ ինչքան հակասություն չկա, առայժմ այսպես շարունակենք, հետո կնայենք: Անկեղծ ասած, 7-րդ դասարանի աշակերտը երևի թե նման պատասխան չէր տա: Ես մի պահ մտածեցի, որ երևի թե այդ մթնոլորտի մեջ Փաշինյանը անակնկալի եկավ և այլ պատասխան չուներ, դրա համար այդպես ասաց, բայց երբ 2 օր առաջ լրագրողները նորից այդ հարցը տվեցին նրան, նա նորից նույն պատասխանը տրվեց:
Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու մարդ է, նա չի իմացել, այսօր էլ չի իմանում, թե ինչ է դիվանագիտությունը, այս 8 տարիների ընթացքում էլ բացարձակապես ոչինչ չի սովորել։ Ցանկացած իրավիճակում, երբ նրա առաջ հարց է եղել, միշտ ինքը արել է սխալ ընտրություն: Վերջին գագաթնաժողովի ընթացքում Զելենսկու ներկայությունը, Մակրոնի հայտարարությունները և բազմաթիվ այլ հարցերի արդյունքում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի սրվել են, իսկ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները մեր 30 տարվա անկախության շրջանի ամենացածր մակարդակի վրա են գտնվում»,- նշել է Օսկանյանը:





