Ինչպես 2021 թվականին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին, որովհետև այդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է: Այս մասին Շնողում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ Կառավարությունն արդեն գրություն է ստացել ՀՀ Դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման և առաջիկայում, շատ արագ, ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտի գործարանում ենք նշանակելու կառավարիչ:
Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առթիվ: Այս պահից ես ասում եմ՝ նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ-ն է, ուրեմն՝ հետևեք Հայաստանի Կառավարության հրահանգներին: Արարատ ցեմենտի գործարանը շատ շուտով, դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին»,-նշել է Փաշինյանը:





