Արաբկիր վարչական շրջանում այսօր Փաշինյանին էր մոտեցել և իր վրդովմունքը հայտնում, հայրենիքը գողանալու մեջ մեղադրում մի կին, որի հետ զրուցելիս Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել ու սկսել էր արցախցիների դեմ ատելության քարոզ գեներացնել։ Նշենք, որ կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն էր, իսկ Հրանտ Պապիկյանը Հայաստանից էր մեկնել Արցախ եւ ծառայությունն իրականացնում էր Հադրութում եւ բռնի անհետացած է համարվում 2020 թ-ից։
ՀՀ իշխանությունները ոչինչ չեն արել նրան հայտնաբերելու, վերադարձնելու ուղղությամբ, թեեւ տեղեկություններ կային, որ նա գերեվարված է, ավելին՝ գերության մեջ երբեմն օգնություն է ցուցաբերել գերեվարված մեր վիրավոր տղաներին։ Արդեն մի քանի տարի է, որ նրա գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն չկա ու հարազատները հիմքեր ունեն կասկածելու, որ նա բռնի անհետացել է, բացառված չէ, որ սպանվել է գերության ընթացքում։
Իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր հանուն հայրենիքի իրենց ամենաթանկը նվիրաբերած անձանց հարազատներին թիրախավորում է ու սպառնում։ Ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ լավ գիտեն, թե ով է Հրանտ Պապիկյանն, ինչ ճանապարհ է անցել, ովքեր էին Փաշինյանի իշխանության մեջ շահագրգռված, որ Հրանտ Պապիկյանը լռի, քանի որ բավական քաջածանոթ էր Փաշինյանի ներկայիս որոշ թիմակիցների արյունոտ հետագծին։





