ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վստահ է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԵՄ-ի միջև, հակառակ դեպքում չի հասկանա, թե «ինչ մուրաբա է եփելու»։
«Եթե, ենթադրենք, Հայաստանը գնում է Եվրամիություն, նշանակում է՝ այնտեղ առաջանում են նոր ստանդարտներ, նոր տեխնիկական կանոնակարգեր, որոնք չեն համապատասխանում մերին։ Պարզ օրինակ՝ դուք ցանկանում եք կազմակերպել մուրաբայի արտադրություն։ Ձեզ պետք է ձեռք բերել ինչ-որ սարքավորում։ Դուք այդ սարքավորումը կգնեք եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական ստանդարտներով»։ — Օվերչուկն օրինակը բերել է ՏԱՍՍ-ի հարցազրույցում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում։
«Եվ քանի դեռ դուք պատասխան չեք ունենա այս միանգամայն պարզ և ակնհայտ հարցին, չեք կարողանա որոշել, թե ինչ մուրաբա եք եփելու, ինչ փաթեթավորմամբ, ինչ նկարագրություն է ունենալու այդ արտադրանքը, ինչ պահանջներ կլինեն, ինչ լեզուներով։ Այս ամենը պետք է հասկանալ», — պարզաբանել է փոխվարչապետը։
Նա նշել է, որ «եթե Հայաստանը գնում է Եվրամիություն, ապա պետք է կողմնորոշվի և ընտրություն կատարի, թե որտեղ է ուզում լինել»։ «Այս առումով վերջերս Աստանայում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդում ԵԱՏՄ չորս առաջնորդների ընդունած հայտարարությունը միանգամայն հստակ առաջարկում է հայկական ղեկավարությանը հնարավորինս շուտ մտածել հանրաքվե անցկացնելու մասին», — հիշեցրել է Օվերչուկը։
Նրա կարծիքով՝ «դա կբխեր բոլորի շահերից, որովհետև ներկայում ձևավորված առկախ վիճակն անորոշություն է ստեղծում, առաջին հերթին՝ ներդրողների համար։ Անորոշությունը վնասում է բոլորին, այդ թվում՝ հենց Հայաստանին։ Այդ պատճառով ԵԱՏՄ առաջնորդները խնդրել են հնարավորինս շուտ կողմնորոշվել», — նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։





