Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում՝ Զոդի կամրջի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով «Jeep»-ը գլխիվայր շրջվել է։
Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Տարոն Խ․-ն է։





