Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ միայն խոսք չի գնում Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, այլ՝ ընդհակառակն, իր հայտարարություններով, իր մամուլի ասուլիսների ժամանակ այնպիսի ապազգային, հակահայկական և անբարոյական հայտարարություններ է անում, որի արդյունքում այնտեղ գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության քրեական գործերը ավելանում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր Ռուբեն Վարդանյանը, թե ի՞նչ էր անում Արցախում, ինչու է հրաժարվել քաղաքացիությունից, այդ հայտարարությունների հիման վրա Բաքուն քրեական գործեր է ավելացնում այնտեղ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Այսօր արդեն մենք իմացանք, որ հունվարի 17-ին տեղի են ունենալու այդ դատավարությունները, որը մեր բոլորիս ամոթն է ու մեր համար սա խայտառակ մի իրավիճակ է:
Մի նախադասություն գտեք, թե ի՞նչ են արել այս իշխանություններն այնտեղ պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու գերիների ազատ արձակման համար: 2020 թվականից դեռ այնտեղ պահվող մարդիկ կան ու սրա ամբողջ պատասխանատվությունն այս իշխանության ուսերին է, այն քրեական գործերը, որ դեռ ավելանում են, հենց իրենց թեթև ձեռամբ են իրականացվում»,- ասաց Դանիելյանը։