Search
Close this search box.

Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածը դաս չդարձավ հայ ժողովրդի համար. Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունց

Please enter a valid URL

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների տարելիցին Արցախի նախագահը, պատգամավորներն ու պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհվածներին։

Լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը նշեց՝ այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, այդպես էլ հայ ժողովրդի համար դաս չդարձավ։

«Տեղի ունեցածն ինչպես էլ անվանենք՝ թե ցեղասպանություն, թե էթնիկ զտում, թե բռնի տեղահանում, այնուամենայնիվ հանդիսանում է մեկ դար առաջ տեղի ունեցած Մեծ Եղեռնի շարունակությունը։ Ցավոք, ՀՀ իշխանությունները, խոսելով երկրի անվտանգության մասին, որը ենթադրում է երկու բաղադրիչ՝ հզոր բանակի ստեղծում և զուգահեռ խաղաղության օրակարգը, այնուամենայնիվ նման արտաքին քաղաքականությունն արդյունավետ է լինում այդ երկու ռազմավարությունների ներդաշնակության մեջ, ինչը, ցավոք, չի դիտվում մեր արտաքին քաղաքականության մեջ։ Մենք կտրուկ շեշտ ենք դնում միայն խաղաղության օչակարգի վրա՝ հույսներս դնելով նրա վրա, որ դրանով իսկ կարելի է ապահովել երկրի անվտանգությունը», — նշեց նա՝ շեշտելով, որ նման քաղաքականությունը նմանեցնում է Ստոկհոլմյան համախտանիշին, որի դեպքում զոհը փորձում է սեր և ըմբռնում դրսևորել ահաբեկչի նկատմամբ։

Նրա խոսքով՝ այս դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևանների հետ հարաբերություններում դժվար ցանկալի արդյունք տա։

Դիտարկմանը, թե պարբերաբար մեղադրանքներ են հնչում, որ Արցախը չկա, քանի որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն է փաստաթուղթ ստորագրել, Բաղունցն ասաց՝ փաստաթուղթն իրավական ուժ չունի, իսկ դրա ստորագրումը ստիպված քայլ է եղել 120,000 արցախցիներին փրկելու և Արցախից դուրս բերելու համար։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից Արցախի նախագահի և արցախցի այլ պաշտոնյաների դեմ իրականացված գործողություններին ու արված հայտարարություններին, Բաղունցը նշեց՝ իր համար զարմանալի է, որ պետական մակարդակով կատարվում են քայլեր, որոնք կարելի է այլ հարթակում լուծել՝ փոխըմբռնման ու բանակցությունների միջոցով՝ հաշվի առնելով համապատասխան իրավական ակտերը։

Անդրադառնալով արցախցիների՝ ԼՂ վերադարձի և առհասարակ Արցախի հարցը փակելուն՝ Բաղունցը նշեց, որ այդ հարցը հնարավոր չէ փակել և խնդիրն իրենք մշտապես պահելու են օրակարգում։

Հարցին՝ որքանով է բավարար համարում ՀՀ իշխանությունների ջանքերն՝ ուղղված Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, նա պատասխանեց․ «Բավական է ասել, որ այնպիսի հզոր հնարավորություն, որ ունի ՀՀ իշխանությունը՝ բանակցային գործընթացքում առանցքային խնդիրներից մեկը դարձնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, չի օգտագործվում, ինչը կարծում եմ լուրջ բացթողում է»։

Նա նշեց, որ իրենք ևս որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ և չնայած շատ ավելի թույլ մեխանիզմներ ունենալու հանգամանքին, այնուամենայնիվ փորձում են հարցն անընդհատ օրակարգում պահել՝ միաժամանակ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս են հայտարարություն տարածել այս թեմայով, ինչպես նաև հանդիպել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։

Եզրափակելով խոսքը Բաղունցն ընդգծեց, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողական չէ, և Բաքուն նպատակ չունի ենթարկվելու թե՛ իրենց կողմից հնչող պահանջներին, թե միջազգային կառույցների պահանջներին։