Search
Close this search box.

ՄԱԿ-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի` մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար: Խոսքը այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։

Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի։ Հայցով Ադրբեջանը մեղադրվում է տասնամյակներ շարունակ հայերի դեմ գործողությունների համար, որոնք ավելի սրվել են 2020 թվականին Արցախի հակամարտության ժամանակ։

Նույն թվականի սեպտեմբերի 23-ին Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Երևանը տարածաշրջանում խտրական գործողություններ է կատարել և շարունակում է խտրական գործողություններ կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց էթնիկ ծագման պատճառով։