Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշը։
Թվում է, որ սա հերթապահ մի բան է, այն էլ ՄԱԿ–ի պարագայում, որը ներկայումս ոչինչ չորոշող եւ դե ֆակտո չգործող կառույց է։ Բայց, կա երկու հանգամանք։ Նույն Գուտերեշը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածը գնահատել էր «ֆանտաստիկ»։ Հիմա, Գուտերեշը Նիկոլ Փաշինյանին գրում է՝ «Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների արագացման, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առաջխաղացման գործում։ Օգտվելով այս հնարավորությունից՝ խրախուսում եմ Ձեր Կառավարությանը կրկնապատկել ջանքերը կանանց քաղաքական մասնակցության, այդ թվում՝ Կառավարությունում և բարձրաստիճան պաշտոններում գենդերային հավասարության հասնելու հարցում։
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության մեջ»։
Երբ 2018–ին նա Հայաստաում տեղի ունեցածը գնահատում էր «ֆանտաստիկ», արդյո՞ք պատկերացնում էր, որ այդ «ֆանտաստիկից» հետո Հայաստանը 2026 թվականին լինելու էր այս կետում՝ անցած լինելով այն ճանապարհը, որ բերել է այս կետին։ Գուտերեշը համարո՞ւմ է, կամ կհամաձայնի՞, որ «ֆանտաստիկ» իրադարձությանը փաստորեն հաջորդեց Հայաստանի ողբերգական ճանապարհը։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը խոսելով հայ ժողովրդին ու Փաշինյանի կառավարությանը «շարունակական աջակցության» մասին, նկատի ունի նաեւ այդ ողբերգական ճանապարհի՞ շարունակություն։
Կրկնեմ, թվում է, որ սա ոչինչ չորոշող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի մի ուղերձ է։ Բայց, այդ ուղերձը լինելով ոչինչ չորոշող պաշտոնյայի անունից, արտահայտում է թերեւս համաշխարհային անցուդարձում շատ բան որոշող կենտրոնների տրամադրություններ։ Բավական է դիտարկել բովանդակությունը։





