Կիրանցում դպրոցականները դպրոց են գնում անվտանգ ու հաճույքով։ Այդ գյուղում վերջին 35 տարիներին դպրոց գնալը երբեք այսքան անվտանգ չի եղել, ինչպես հիմա է․ Նիկոլ Փաշինյանն է նման հայտարարություն արել՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Սահմանազատման կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլևս այդ գործընթացն ամբողջությամբ ավարտվում է, այսինքն` ուրիշ կերպ չի էլ կարող լինել, որովհետև ամեն հատված պետք է սահմանազատվի և դա պետք է արձանագրվի՝ հետագա պրոցեսներն իրականացնելու համար»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ սահմանազատման մասով կան տարբեր գնահատականներ, բայց ըստ իր գնահատականի՝ սա շատ կարևոր քայլ է անվտանգային ոլորտում։
«Բոլորն անհանգստանում էին, թե ինչպես են Տավուշի մարզի Կիրանց գյուղում երեխաները դպրոց գնալու, բայց տեսնում ենք, որ նրանք դպրոց են գնում անվտանգային զգացումով, մենք այս խնդրի լուծումն ուզում ենք շարունակել և այս իրադրությունն ուզում ենք ստեղծել բոլոր սահմանամերձ շրջաններում»,-ասել է նա։