Կառավարությունն այսօր ընդունեց մի որոշում, որով խորացնելու է շուրջ 100,000 արցախցու աղքատությունը և շատերին արտագաղթի է մղելու. Արտակ Բեգլարյան

Կառավարությունն այսօր ընդունեց մի որոշում, որով խորացնելու է շուրջ 100,000 արցախցու աղքատությունը և շատերին արտագաղթի է մղելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը.

«Այսօր Փաշինյանի կառավարությունն ընդունեց տգիտության ու ժխտողականության հերթական ակտը՝ ծանուցելով ևս առնվազն մեկ տարի առաջին դասարանում մնալու իրենց անկոտրում կամքը:

Ի հեճուկս՝

• Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքի պահանջների,

• հրապարակայնորեն ու փակ ձևաչափերով ներկայացված հիմնավոր փաստարկների,

• եղած ու պլանավորվող կարգավորումներում որոշ սխալների վերաբերյալ իրենց ինքնախոստովանանքների,

• սխալները շտկելու վերաբերյալ հնչած խոստումների ու պատրաստակամության,

• ներառականության ու ժողովրդավարության վերաբերյալ ձոնվող սրտառուչ ռոմանսների՝

կառավարությունն այսօր ընդունեց այնպիսի մի որոշում, որով պարզապես խորացնելու է շուրջ 100,000 արցախցիների աղքատությունը և մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Արցախցիների շրջանում եղած շուրջ 70-80% աղքատությունը շուտով ավելի է աճելու, իսկ նրանց մեծամասնությունն էլ իջնելու է ծայրահեղ աղքատության շեմից ներքև:

Այս իշխանությունները փոխանակ օգնեն տեղահանված արցախցիներին ամրանալ Մայր Հայաստանում և ամրացնել այն, մեզ դիտարկում ու ներկայացնում են որպես «թշնամի»՝ իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազները սնելու և ձախողումներն արդարացնելու նպատակով:

Օրեր առաջ կառավարությունը պատրաստ էր կիսատ ու ձևական զիջման գնալ, այն է՝ մեկ ամսով երկարաձգել բնակվարձի աջակցության նախկին ծրագիրը՝ դրա դիմաց պահանջելով Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանի ապամոնտաժում: Ինքնին այդ առաջարկը մեր բոլորիս պայքարի հաջողության ցուցիչներից էր՝ ցույց տալով հանրային ճնշման արդյունավետությունը այսպիսի իրավիճակներում: Սա նշանակում է, որ պետք է մեր պայքարը ավելի լայն թափ ստանա՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:

Ինչ վերաբերում է պայքարի նպատակներին, ապա թեև 12 հիմնական նպատակներ են ձևակերպված հանրահավաքի պահանջագրում, սակայն այս պահին ամենահրատապն ու ամենազանգվածայինը Մայր Հայաստանում արցախցիների կայուն ու արժանապատիվ կեցության ապահովումն է: Առանց այդ նպատակի իրականացման՝ մնացած բոլոր նպատակները կա՛մ իմաստազուրկ են, կա՛մ էլ՝ շատ ավելի դժվար իրագործելի:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։