Search
Close this search box.

Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը

Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց «Ազատության» տեղեկությունները։ Նշեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են եղել ձերբակալությունները՝ առանց մանրամասների։

Լրատվամիջոցին հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների տրամադրման մեջ։ Սա Հակակոռուպցիոնից դեռևս հրաժարվեցին մեկնաբանել։

Նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնատար անձինք, որոնց անունները դեռևս «Ազատությանն» անհայտ են։

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեղադրյալ է նաև նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով, որ ավելի քան երկու տարի դատարանում է։ Նա, ըստ իրավապահների, օժանդակել է Մամիկոն Ասլանյանին չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու պաշտոնեական կեղծիք կատարել: Ի տարբերություն նախկին համայնքապետի՝ ճարտարապետ Սուրեն Աբովյանը որևէ օր անազատության մեջ չի անցկացրել ու քրեական գործին զուգահեռ շարունակել է պաշտոնավարել Վանաձորի համայնքապետարանում։

Դեռ անցած տարի Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն աշխատանքային ժամին խուզարկել էին նաև համայնքապետարանի Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժինը, ինչպես նաև Առևտրի սպասարկման և տրանսպորտի բաժինը, որից հետո քրեական վարույթ էր հարուցվել։ Իրավապահների կասկածներն այս դեպքում էլ վերաբերում են տեղի ունեցած գնումներին և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ այսօր այս գործով ոչ մեղադրյալներ կան, ոչ էլ Հակակոռուպցիոնը որևէ մանրամասներ է հրապարակում։

Լրատվամիջոցին հայտնի է միայն, որ ենթադրյալ չարաշահումները տեղի են ունեցել արդեն վերջին տարիներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի օրոք։