Սիրելի քույրե՛ր
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Մեր սիրելինե՛ր, գարնանային այս միամսյակը ևս մեկ առիթ է հիշեցնելու ձեր անգնահատելի դերը մեր հասարակության, ընտանիքների և պետության կայացման գործում։ Ձեր ուժն ու նվիրումն են պահպանում մեր հայրենիքի հիմքերը։ Դժվարությունների և փորձության ժամանակ դուք ոգեշնչում եք հաղթանակի ուժ և վստահություն, շատերը նույնիսկ սեփական կյանքով օրինակ ծառայում հերոսության։ Հայոց հաղթանակները կերտվել են հայ մայրերի անձնվիրաբար պայքարի, սխրանքների և անձնազոհության գնով նաև։
Ուզում եմ նշել, որ այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է կնոջ կարևորությունը գնահատելու և նրա արժանիքներն ու իրավունքները վերաիմաստավորելու համար։ Դարեր շարունակ մեր երկրում հենց հզոր կանայք են բերել փոփոխություններ ու բարեկեցություն, շարժիչ ուժ եղել նաև հասարակական-քաղաքական կյանքում։
Խոնարհում այն կանանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին ու հարազատներին, որոնք մինչև վերջ ազնվորեն կատարեցին մեր հայրենիքը պաշտպանելու իրենց պարտքը։ Անսասան հարգանք մեր արցախցի քույրերին, ովքեր այս օրը նշում են իրենց ընտանեկան օջախներից հեռու, ովքեր այսօր զրկված են իրենց հարազատների ու սիրելիների, այդ թվում՝ թշնամու հետ մարտերում զոհվածների շիրիմներից։
Սիրելի կին զինծառայողնե՛ր, ովքեր տղամարդկանց հետ միասին զենք են վերցրել հանուն հայրենիքի պաշտպանության և հայրենի հողում ապրելու իրավունքի, խորին հարգանքս ձեզ: Ձեր պատասխանատվությունը հանձնարարված առաջադրանքի հանդեպ թույլ է տալիս լուծել ամենաբարդ խնդիրները, որոնք հաճախ անհասանելի են նույնիսկ շատ տղամարդկանց: Հարգանք ու խոնարհում կին բժիշկներին և բուժքույրերին։ Չնայած բոլոր վտանգներին, դուք անձնուրաց և լուռ կյանքեր եք փրկում։
Սիրելի կանա՛յք։
Թող ձեր ընտանիքներում տիրի խաղաղություն ու փոխըմբռնում: Թող ձեր հոգու ջերմությունը, որը մեծահոգաբար կիսում եք ձեր սիրելիների հետ, բազմապատիկ վերադառնա ձեզ:
Շնորհավոր ձեր տոնը, Խաղաղություն բոլորիս:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
Արշակ Կարապետյան