Search
Close this search box.

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

Փաստաբան Սոսե Չանդոյանը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժեց դատավոր Ա. Մելիքսեթյանի կողմից կայացված՝ ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ իմ կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը:
Ինչպես պաշտպանյալիս վերաբերելի մեկ այլ գործով, այս անգամ ևս` թե՛ դատախազության և թե՛ պաշտպանական կողմի ներկայացված բողոքը մակագրվել էր Ա. Նիկողոսյանին, մի մարդու, ում դեռ ուսանողական տարիներից ճանաչել եմ` որպես բարձր որակավորում ունեցող իրավաբանի, ում դասախոսություններից հետո չափազանց տպավորված էինք դուրս գալիս լսարանից, սակայն նույն ոգևորվածությամբ, ցավոք, չեմ կարող կիսվել այժմ, ինձ համար խիստ անհասկանալի այս որոշումից հետո: Վաղուց արդեն չհավատալով պատահականությունների մասին թեզերին, ցանկանում եմ հասկանալ, այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկու հաջորդական բողոքներ, իսկ այժմ նաև` երրորդը, մակագրվում է միևնույն դատավորին և երեքն էլ մերժվում են: Այս ամենը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, իսկ միգուցե չարագործ իշխանությունը դատավորի կնի՞քն է «գողացել»… չեմ կարող ասել, մերօրյա իրականության մեջ ոչինչ էլ չեմ բացառում:
Գերասիմ Վարդանյանի շուրջ ստեղծված այս աբսուրդի թատրոնը, ապօրինությունների այս մեծ արարը հետագայում պետք է լուրջ ուսումնասիրության առիթ դառնա հենց իրավագիտության լսարաններում որտեղ էլ կբարձրաձայնվեն ու կթվարկվեն բոլոր այն դատավորների անունները, ովքեր Քննչական կոմիտեի կողմից ակնհայտ հնարված հիմքերով անազատության մեջ պահելու որոշումներ են կայացրել ու խրոխտ ձայնով հնչեցրել:
Գերասիմ Վարդանյանը այն քաղաքական ֆիգուրն է, ով մնացել է իշխանության կոկորդին, ում որևէ կերպ այդպես էլ չեն կարողանում մարսել»: