«Հրապարակ». Փողոցային առեւտուրն արգելողներն են տրանսպորտում հսկողություն իրականացնում

«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը նոր անակնկալ է պատրաստել երեւանցիների համար: Այսուհետ հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն: Բանն այն է, որ բոյկոտող քաղաքացիների քանակը մտահոգություններ է առաջացրել իշխող թիմում, եւ որպեսզի ֆինանսական լուրջ խնդիրների առաջ չկանգնեն, հետայսու հանրային տրանսպորտում բոյկոտող քաղաքացիներին ինչ-որ մարդիկ «ահաբեկելու» են, որպեսզի որեւէ մեկը չհանդգնի իր սահմանադրական իրավունքի շրջանակներում քաղաքական ակցիա անել` բոյկոտել սակագնի թանկացումը: Ու թեեւ ՔՊ-ի կարգախոսն «Ասեք` կանենք»-ն էր, սակայն Տիգրան Ավինյանը համառորեն շարունակում է անել երեւանցիների ասածի ճիշտ հակառակը: 

Երեկ առավոտյան ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը գրել էր տրանսպորտում հայտնված հսկիչների մասին, որոնք փորձել էին պարտադրել, որ մարդիկ 150 դրամ վճարեն, եւ արդյունքում վեճ էր ծագել: Ժամեր անց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառմամբ արձագանքեց. «Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով մամուլում եւ Երեւանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ հայտնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ Ստուգայցերն իրականացվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ եւ 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երեւանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաեւ՝ քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»։ 

Ի՞նչ ասել է ստուգայց, ովքե՞ր են ստուգայց իրականացնողները, քանի՞ նոր կադրով է հասարակական կարգի պահպանության ծառայությունը համալրվել, ի՞նչ լիազորություններ ունեն այդ մարդիկ, որքա՞ն աշխատավարձ են ստանալու, վերջապես` հսկիչներն ինչպե՞ս են խոչընդոտելու քաղաքացիների բոյկոտին եւ ի՞նչ լծակներ են կիրառելու, ասենք` որքա՞ն են տուգանելու չվճարող քաղաքացիներին եւ այլն: 

Հայկ Կոստանյանը «Հրապարակի» հետ զրույցում վստահեցրեց, որ հասարակական կարգի պահպանության ծառայությունում կադրերի համալրում տեղի չի ունեցել, որեւէ նոր աշխատակից չի ավելացել: Կոստանյանի պնդմամբ` աշխատանքներն իրականացնելու են այն աշխատակիցները, ովքեր մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանության ծառայություն ապահովելու համար տարբեր աշխատանքներ են իրականացնում, օրինակ` ապօրինի շինթույլտվություններն են բացահայտում, սխալ գովազդային վահանակներն են ապամոնտաժում, փողոցային առեւտուրն են արգելում` տարեց վաճառողներին եւ նրանց վաճառած միրգ-բանջարեղենը փռելով ասֆալտին ու ոչնչացնելով եւ այլն: 

«Մեր աշխատակիցներն են, միշտ էլ եղել են նրանք, նոր աշխատակիցներ չեն: Ստուգայցեր կիրականացվեն այնքան ժամանակ, մինչեւ այս իրավիճակը հանգուցալուծում ստանա: Դուք էլ նկատած կլինեք, որ այս ընթացքում անդադար վեճեր են տեղի ունենում տրանսպորտի մեջ: Տարբեր քաղաքացիներ իրար հետ են վիճում կամ քաղաքացիները վիճում են վարորդների հետ, կամ էլ` ավագանու անդամները` վարորդների, կամ` քաղաքացիները` ավագանու անդամների հետ: Այս ամենը խանգարում է աշխատանքի բնականոն ընթացքին: Այս ընթացքում ունեցել ենք երկու դեպք, երբ վեճերի արդյունքում վարորդների ինքնազգացողությունը վատացել է: Ունեցել ենք դրվագներ, երբ ավտոբուսն են վնասել, մի անգամ պատուհան են կոտրել, հետո` քարով են հարվածել ավտոբուսին, եւ քանի որ մեր պարտականությունը հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը պատշաճ իրականացնելն է, պահպանության ծառայության աշխատակիցներն իրականացնելու են իրենց աշխատանքը, որպեսզի տրանսպորտի բնականոն աշխատանքը որեւէ կերպ չխաթարվի: Աստված մի արասցե, չի կարելի թույլ տալ, որ խնդրահարույց իրավիճակների հասնենք: Չպետք է թույլ տանք, որ իրավիճակը սրվի: Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե հաստիքացուցակով քանի աշխատակից ունենք, որոնք ստուգայցեր են կատարելու տրանսպորտում: Նրանք Երեւանում շինարարությունից սկսած, գովազդային վահանակներով վերջացրած՝ ստուգումներ են կատարում, հետեւում են փողոցային առեւտրին եւ այլն: Փաստացի այն, ինչ քաղաքում արվում է անօրեն, այդ մարդիկ հսկողություն են իրականացնում: Նրանք առաջատար մասնագետներ են, նաեւ՝ ոչ առաջատար, հետեւաբար, տարբեր է նաեւ նրանց աշխատավարձի չափը: Ինչ վերաբերում է տուգանելուն, ապա նման բան նախատեսված չէ: Նման մեխանիզմ գոյություն չունի: Պարզապես կա ավագանու կողմից ընդունված որոշում, պետք է հաշվի առնել այդ որոշումը եւ կատարել վճարումներ»,- ասաց Հայկ Կոստանյանը: Բայց չկա՞ ռիսկ, որ հսկիչների առկայության դեպքում վեճերն ավելի կշատանան, ֆորսմաժորային իրավիճակները՝ նույնպես։ «Փաստացի, փետրվարի 1-ից կա բոյկոտային տրամադրություն, եւ փաստն այն է, որ այս օրերի ընթացքում մենք որեւէ կերպ չենք միջամտել, սակայն արդեն իսկ ունեցել ենք մի քանի կտրուկ դեպքեր: Այժմ թույլ տալ, որ իրավիճակը դառնա առավել անկառավարելի, կարծում եմ` սխալ է: Այնպես որ, ոչ մի նոր աշխատակից էլ չկա, նման դեպքերում հաստիքացուցակը հաստատում է Երեւանի ավագանին: Հաստիքների վերջին փոփոխությունը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին»,- եզրափակեց նա:

ՀԳ․ Մենք տեղեկացանք, որ Տիգրան Ավինյանը, թերեւս, նախապես իմանալով գլխին գալիքը, 2024 թվականի դեկտեմբերին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունում նոր կադրեր է ընդունել աշխատանքի: Եվ հիմա նրանք գործի են անցնելու, որ հանրային տրանսպորտում մարդկանց սադրեն, քաշքշեն եւ վախեցնեն: