«Հրապարակ» թերթը գրում է․ Մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է շարունակել լարախաղացությունը` Եվրոպական Միության, ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի, ՌԴ-ի միջեւ, ռուսական կողմը կոշտացնում է վերաբերմունքը: Հատկապես սուր են արձագանքում մայիսի սկզբին Երեւանում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հնչած կոշտ հակառուսական հայտարարություններին եւ դրա ֆոնին Նիկոլ Փաշինյանի քայլերին: Նախ՝ ՌԴ նախագահը Հայաստանից հստակեցում պահանջեց՝ պնդելով, որ պետք է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ եւ սկսել «խաղաղ ապահարզանի» գործընթաց, եւ անգամ խորհուրդ տվեց հանրաքվե անել, որ հայ ժողովուրդը որոշի: Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինի հետ ունի խիստ ջերմ հարաբերություններ: Նա դեռ հինգ տարի առաջ էր հայտարարել, որ ՌԴ նախագահն իր ընկերն է, իսկ երեկ հայտարարեց. «Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկելու: Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչ օրս ՌԴ նախագահն ավելի շատ կոնտակտներ որեւէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք մոտ 200 հեռախոսազրույց ենք ունեցել»։
Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ ջերմ են, բայց պրոբլեմն այլ տեղ է. «Ընդդիմությունն ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ, ժողովուրդ ջան, հումորը՝ հումոր, բայց հումորն էլ… Ռուսաստանը գերտերություն է, ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ու ես այդպես էլ վերաբերվում եմ»։ Փաշինյանը նաեւ նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չի արել ու չի անի ոչինչ։ «Բայց, կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան՝ Հայաստանի շահերին»,- հավելել է նա՝ խոստանալով, որ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է։
Իսկ Մոսկվան ժամանակ է տվել, որ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում պետք է Հայաստանի անդամակցության հարցը որոշվի։ «Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց եւ տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ծագում են»։ Հայտնի է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Աստանա՝ ԵԱՏՄ հերթական նիստին, մեկնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Լուրեր կան, որ Գրիգորյանին կարող են թույլ չտալ գլխավոր սեղանի մոտ նստել, քանի որ նրա կարգավիճակը դա թույլ չի տալիս: Ըստ ամենայնի, նա նաեւ լիազորված չի լինի Հայաստանի կողմից համապատասխան որոշումը բարձրաձայնելու հարցում: Իսկ «Մոսկվան արցունքների չի հավատում» եւ արագացնում է գործընթացները: Երեկ կայացել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստ, որի ժամանակ Հայաստանի հասցեին աննախադեպ ծանր մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Սերգեյ Շոյգուն:
«Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը հակասում են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունը վերջերս մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետ: Այս ամենը փոխանցում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը: Մայիսի 7-ին էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան էր հայտարարել, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել Ռուսաստանի շահերին հակասող քայլեր չձեռնարկելու իրենց խոստումը։ Շոյգուն այս հայտարարությունն արել է՝ անդրադառնալով մայիսի 4-5-ին Երեւանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովներին։ Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը ջերմորեն է ընդունել Ռուսաստանի թշնամի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որը Երեւանում կայացած միջոցառման ժամանակ սպառնացել է անօդաչու թռչող սարքով հարված հասցնել Մոսկվայում կայանալիք հաղթանակի օրվա շքերթին։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ` մայիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանը չի ձգտում վնասել Ռուսաստանի շահերին եւ մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն, ըստ Զախարովայի, Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները հակասում են իրար, եւ իրականությունը լրիվ այլ բան է հուշում:





