Search
Close this search box.

Հայաստանի դուռը թակում են քաոսն ու «բեսպրեդելը». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած երկու օրերին բախվել եմ մի խնդրի հետ, որի մասին անգամ փոքրիկ մի ռեպլիկ եմ գրել:
Երկուշաբթի օրը Mediahub-ում իմ քսան րոպեանոց հեղինակային հաղորդումը տեսագրել եմ մեկ ժամից ավելի, որովհետև հոսանքը պարբերաբար միացվում- անջատվում էր:
Երեկ հարցազրույցի էի «Հրապարակ» օրաթերթում. այս անգամ «կոմֆորտն» ավելի «կատարյալ» էր՝ հոսանք ընդհանրապես չկար:
Մի քանի օր առաջ Օպերայի ակադեմիական թատրոնի շենքում ներկայացման ժամանակ հոսանքը տարել են, ընդ որում՝ Պետերբուրգից ժամանած խմբի ներկայացման ժամանակ:
Երեկ նույն խայտառակությունը կրկնվել է մարզական միջազգային մրցման ժամանակ:
Աբովյան քաղաքի մարզադաշտում ընթացող Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Նոա»– «Ռուժոմբերոկ» խաղի ժամանակ լույսերն անջատվել են:
Ո՞վ է պատասխան տալու այս խայտառակ վիճակի համար, որն արդեն իմիջային հետևանքներ է ունենում մեր երկրի համար:
Հայաստանի իշխանությունները և նրանց արբանյակները սլաքներն ուղղում են ՀԷՑ-ի ուղղությամբ, ակնարկում են սաբոտաժի, ինչ-որ «ռուսական հետքի» մասին:
Այս ամենը գուցե նաև արժանահավատ թվար, եթե տոտալ ճգնաժամ չլիներ մեր կյանքի բոլոր ոլորտներում, որոնցում դժվար է ռուսական հետք գտնել՝ անգամ մոլագար «հեղափոխական ուղեղների» համար:
Քրեածին իրավիճակի բում, կառավարման զրո արդյունավետություն՝ ֆորսմաժորային դրսևորումներով:
Հայաստանի դուռը թակում են քաոսն ու «բեսպրեդելը». մենք հայտնի կենդանու համառությամբ դա չնկատել ենք տալիս: