Գերի պետք ա չընկնել, այդ մակարդակի ղեկավարների գերի ընկնելը օգտագործվելու է ՀՀ-ի դեմ. Անդրանիկ Քոչարյան

Մենք պետք է Վազգեն Սարգսյանի մտքերը իրականություն դարձնենք, սիրենք մեր երկիրը և ամեն ինչ անենք, որպեսզի այն լինի անվտանգ և ապահով և դա է իր պատգամը եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Վազգեն Սարգսյանը արտահայտած մտքերը հակադրության մեջ չեն այսօրվա իրականության հետ:

«Այն, ինչ ինքը ( չկարողացավ անել, պետք է հետագա սերունդները իրականություն դարձնեն։ Եվ նաև դա է պատճառը, որ Վազգենի թե՛ ծննդյան օրը, թե՛ մահվան օրը, այստեղ միշտ մարդաշատ է, որովհետև նրա կարիքը միշտ զգացվել է և զգացվում է, և դա մեզ բոլորիս պետք է:

Հավատը պետք է վերականգնենք. Վազգենի մեծությունը նաև նրանում էր, որ երբ ինքը ասում էր՝ պետք է ունենանք, ինքը ուներ։ Այ դա ունենալը, դրան հասնելը, դա նշանակում է նվիրում, այդ նվիրման նաև պակասն է և վերջին հաշվով դուք հետևում եք դատավարությունը և այդ դատավարությունը ի՞նչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար»,-ասց նա:

Անդրանիկ Քոչարյանը կրկնեց իր նախկինում ասված միտքը, որ պետք է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի չընկներ. «Բաքվի դատավարության ընթացքում դա օգտագործվելու էր Հայաստանի դեմ: Իհարկե, նրանց տարել են առանձնատուն, այդ բացահայտումները հերթականությամբ կլինեն, իմ ասածը ուրիշ բանի մասին է. ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերևարվեր: Դա պետք է անեին անվտանգության աշխատակիցները, այդ թվում ռուս խաղաղապահները»: