ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը, որը մայիսի 11-12-ը երկօրյա այցով գտնվում էր Երևանում, տարածել է միջանկյալ հայտարարություն։
Կարևորելով հայտարարության մեջ տեղ գտած մի շարք գնահատականներն ու շեշտադրումները, ինչպես նաև գնահատելով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները՝ այդուհանդերձ անհրաժեշտ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք շեշտադրումների վրա, որոնք դուրս են մնացել ԵԽԽՎ նախընտրական դիտորդական պատվիրակության գնահատման դաշտից, ինչպես նաև արձանագրել հայտարարության մեջ տեղ գտած մի շարք հիմնազուրկ ձևակերպումներ, որոնք ներկայացվում են որպես փաստացի իրողություններ՝ դրանով իսկ հայտարարությունը դարձնելով խոցելի և միակողմանի։

Մասնավորապես՝
• Հիմնազուրկ են պնդումները, թե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ «Հայաստանի իշխանությունների և շահագրգիռ կողմերի միջև կառուցողական համագործակցություն» է հաստատվել, այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունները կիրառում են ողջ պատժիչ զինանոցը՝ քրեական հետապնդումներ, ատելության խոսք, տարրական բարեվարքությանը հակասող ոչ նորմատիվ բառապաշար և քաղաքական թիրախավորում։
• Ներկայացված դիտարկումներն ու գնահատականները չափազանց անորոշ, ընդհանրական և մակերեսային են՝ առանց խնդիրների համակարգային բնույթը հաշվի առնելու։ Մինչդեռ խոսքը ոչ թե առանձին դրվագների կամ «լարված քաղաքական մթնոլորտի», այլ իշխանության հետևողական քաղաքականության մասին է, որի նպատակը բացառապես վերարտադրվելն է։
Այդ քաղաքականությունը ներառում է վարչական վերահսկողություն, ռեպրեսիվ և ինստիտուցիոնալ ճնշումներ, ընտրովի արդարադատություն, այլակարծության սահմանափակումներ և քաղաքական հալածանքներ։
• Փաստացի հավասարության նշան է դրվում իշխանության և ընդդիմության միջև, այն դեպքում, երբ իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվում է պետական համակարգը, չարաշահվում են վարչական ռեսուրսները, իրավապահ մարմինները, տեղեկատվական դաշտի զգալի հատվածը և քաղաքական օրակարգ ձևավորելու հիմնական գործիքները։
• Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը՝ ստեղծելով միջազգային հանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտ, ինչը տվյալ ժամանակահատվածում չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքի իրագործմանը։
• Տարակուսելի է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգությունների մի մասը արձանագրվել է սոսկ որպես «լսված» իրողություն, մինչդեռ իշխանական թեզերը ներկայացվել են որպես հաստատված փաստեր։

Չեն արտացոլվել և շեշտադրվել նաև հանդիպման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված մի շարք բանավոր և գրավոր դիտարկումներ, որոնք վերաբերում էին՝

• Հայաստանում խորացող ավտորիտար ռեժիմին, իշխանության բոլոր ճյուղերի՝ գործադիրի ձեռքում կենտրոնացմանը, ինչը գրեթե անհնար է դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։
• Դատական իշխանության կախվածությանը և ընտրովի արդարադատությանը, երբ չհաստատված կամ շինծու փաստերը դրվում են մեղադրանքի հիմքում՝ քաղաքական մեծամասնությանը առիթ տալով դատական համակարգը վերածել քարոզչական գործիքի՝ դատավճիռների բացակայության պայմաններում հրեշայնացնելով քաղաքական ընդդիմախոսներին։
• Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք ընդունվել են ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ՝ հակասելով իրավական կայունության սկզբունքին և Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին ։
• Ներքին դիտորդների հավատարմագրման հարցում ԿԸՀ-ին տրված ընդլայնված հայեցողական լիազորություններին։
• Իշխանությունների կողմից քարոզարշավից առաջ և դրա ընթացքում վարչական ռեսուրսների և հանրային միջոցների լայնածավալ չարաշահմանը՝ ներառյալ ՍԴ անդամների աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացումները և յուրայիններին տրամադրվող պարգևավճարները, որոնք նախատեսված չեն տարեկան բյուջեով։
• Մեդիա հասանելիության անհավասարությանը՝ Հանրային հեռուստատեսության կողմից կառավարության գործունեության անհամաչափ լուսաբանմանը և ընդդիմախոսների վարկաբեկմանը։

• Նվիրատվությունների և բարեգործության կանոնների ընտրովի կամ անհամաչափ կիրառմանը։
• Գործող վարչապետի և վարչախմբի կողմից անվտանգայնացված դիսկուրսի մանիպուլյացիային և վախի մթնոլորտի ձևավորմանը՝ այլ թեկնածուների ընտրվելու պարագայում պատերազմի սպառնալիքով հանրությանը ահաբեկելուն։
• Դատախազությանը և իրավապահ համակարգին հրապարակային հրահանգներ տալուն։
• Քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու վերաբերյալ հայտարարություններին։
• Բացարձակապես անհիմն և ոչ հավասարակշռված ենք համարում հայտարարության մեջ տեղ գտած «Հայ Առաքելական Եկեղեցու՝ քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ ձևակերպումը։ Մինչդեռ հավասարակշռված արձագանքի դեպքում ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդի՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ իրականացվող հակասահմանադրական գործողություններին և բռնաճնշումներին, ներառյալ՝ ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած՝ Վեհափառին հրաժարական պարտադրելու հակաիրավական հանձնառությանը։

Հուսով ենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, հետամուտ լինելով ժողովրդավարության և, մասնավորապես, ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորման հիմնարար արժեքին, իր հետագա դիտարկումները կկառուցի առավել խորքային, փաստարկված և համակողմանի ուսումնասիրության հիման վրա։

Համագործակցության պատրաստակամությամբ և հարգանքով՝

ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։