Եթե Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի ընտրություններում ընտրվի, Հայաստանի ապագան լինելու է Արևմտյան Ադրբեջանը։ Այս մասին այսօր Արթիկում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Մալաթիա–Սեբաստիա անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ. Ռոբերտ Քոչարյան
Նա հիշեցրեց 2021–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Արցախի հարցում նշաձողը պետք է իջեցնել, դրանից հետո, ըստ Քաչարյանի, պարզ էր թե ինչ է լինելու։ Արդեն 2022–ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
«Սյունիքի վրա էլ մեծ հարցական կլինի` կմնա, թե չի մնա, խաղաղությունը, որ մեզ վրա ուզում են ծախել` խաղաղություն չի։ Սա խաղաղություն է այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը համարի, որ իրեն հարմար է այս խաղաղությունը»,– ասաց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց` այն ամենը, ինչ Փաշինյանը խոստացել էր 2018 թվականին, ձախողել է։
«Իրավիճակն այնքան աբսուրդային է, որ տրամաբանական շղթայի մեջ չի տեղավորվում։ Ժողովրդին նորից ասում են, որ մեղավոր են նախկինները, ով ասես, բայց ինքը՝ Փաշինյանը, մեղավոր չէ։ Պատրա՞ստ եք գնալ այդ ճանապարհով։ Ես պատրաստ չեմ։ Մեր թիմը մտել է պայքարի մեջ, և այն ամենը, ինչ խոստացել է՝ կատարել է»,- նշեց նա։
Քոչարյանը ևս մեկ անգամ պնդեց` եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ` կաներ ճիշտ այն, ինչ արվում է հիմա։
Մի օր որ համբերությունից դուրս գա, ասի՝ գնացեք ԵԱՏՄ–ից, ի՞նչ ենք անելու. Ռոբերտ Քոչարյան
«Եթե մենք ունենք արժանապատվություն և մտահոգված ենք մեր երեխաների ապագայով, ապա պետք է բռնենք Փաշինյանի ձեռքը և կանգնեցնենք նրան»,–ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։





