Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու պատճառն իշխանության վախն է, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա շեշտել է՝ համաշխարհային քաղաքական պրակտիկայում նախադեպ չկա, որ ընդդիմության հիմնական ուժի առաջնորդին հնարավորություն չտրվի՝ անցկացնել նորմալ ընտրարշավ, շփվել ժողովրդի հետ։ Գործող իշխանությունը, Կարապետյանի խոսքով, լավ գիտակցում է, որ այդ դեպքում շահեկան դիրքերում չի լինի։
«Փաշինյանը գիտի, որ մարդիկ կհասկանան՝ երկրին նոր, ուժեղ առաջնորդ է պետք, և ընտրությունը կգնա Կարապետյանի կողմ։ Այդ իսկ պատճառով նրանք գնացին այդ քայլին, որ ընտրական պրոցեսներին Սամվել Կարապետյանը չմասնակցի։ Եթե նրանք մտավախություն չունեն՝ ինչո՞ւ են տնային կալանքը երկարացնում, ինչ պատճառ կա՝ կոչի համար երկարացնել, հիմնական պատճառը իշխանությունների վախն է»,- ասել է Նարեկ Կարապետյանը։





