Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայտարարույթյունը․ «Այսօր ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան: Պատճառվել է զգալի նյութական վնաս:
Հանցագործությունը հոգեբանական լուրջ սթրեսի է ենթարկել Ստեփանյանի երեխաներին, որոնք քնած են եղել նրա սեփական տան այն հատվածում, որտեղ կայանված էր ավտոմեքենան: Եթե հարևանների օգնությամբ շատ արագ հրդեհը չմարվեր, ապա հանցագործության հետևանքները կարող էին ողբերգական լինել:
Տեղի ունեցածը մենք գնահատում ենք Գևորգ Ստեփանյանի հանրային, քաղաքական և իր կարգավիճակից բխող գործունեությամբ պայմանավորված հանցագործություն, քանզի անձնական տիրույթում Ստեփանյանը չունի թշնամիներ և որևէ կոնֆլիկտի մեջ չի գտնվում որևէ անձի հետ: Սա «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող քրեաքաղաքական հարձակում է, որն առաջին անգամը չէ և դրսևորվել է տարբեր ձևերով՝ ավագանու անդամի մանդատից ապօրինաբար զրկումից մինչև շինծու քրեական մեղադրանքի առաջադրում, ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում:
Այս ամենը հետևանք է ամենաթողության, «բեսպրեդելի» և օրվա իշխանությունների կողմից խրախուսվող հանցագործության:
«Մայր Հայաստան» խմբակցությունը, խստորեն դատապարտելով Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված քստմնելի հանցագործությունը, իրավապահներից պահանջում է շուտափույթ բացահայտել գործը»։