Search
Close this search box.

Դուրովն առաջին հայտարարությունն է արել ձերբակալությունից հետո

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում ձերբակալվելուց հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Անցյալ ամիս ես Փարիզ ժամանելուց հետո չորս օր հարցաքննվեցի ոստիկանությունում: Ինձ ասացին, որ կարող եմ ինքս պատասխանատվություն կրել ուրիշների կողմից Telegram-ի անօրինական օգտագործման համար: Սա զարմանալի է մի քանի պատճառով»,- գրել է նա:

Դուրովն ընդգծել է, որ ինքը վաղուց է օգնել Telegram-ի և Փարիզի միջև թեժ գիծ ստեղծել՝ երկրում ահաբեկչության դեմ պայքարի համար։ Նրա խոսքով, եթե որևէ պետություն դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա ներկայիս պրակտիկան այն է, որ հայցադիմում է ներկայացվում հենց ծառայության, այլ ոչ թե հարթակի սեփականատիրոջ դեմ։

Դուրովի համոզմամբ՝ «առցանց ծառայության գործադիր տնօրենին երրորդ անձանց կողմից իր ղեկավարած հարթակում կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկվելը սխալ մոտեցում է»։

Դուրովին օգոստոսի 24-ին բերման են ենթարկել Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում։ Ձեռնարկատերը կասկածվում է տասը իրավախախտումների և հանցանքների համար, այդ թվում՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի գործարքներ իրականացնելու նպատակով առցանց հարթակի կառավարմանը մեղսակցության համար. նրան կարող է սպառնալ մինչև տասը տարվա ազատազրկում։

Օգոստոսի 28-ի երեկոյան ձեռնարկատերը հինգ միլիոն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը, ինչպես նաև պարտավորվել է շաբաթը երկու անգամ ներկայանալ ոստիկանություն։