Search
Close this search box.

«ԴՈՄՈՒՍ»-ը` խոշոր հրդեհի մասին

Իսակովի պողոտայի «ԴՈՄՈՒՍ» խանութ-սրահում տեղի ունեցած հրդեհի մասին.

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 12:55-ի սահմաններում Երեւանի Իսակովի պողոտայի 31 հասցեում տեղակայված՝ «ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ-ի կողմից վարձակալված, խանութ– սրահում բռնկվել է հրդեհ։

Աշխատել է հրդեհի ազդանշման համակարգը, եւ ընկերության անվտանգության ու այլ աշխատակիցները հրատապ գործողություններ են կատարել տեղում առկա հրդեհային անվտանգության միջոցների կիրառմամբ՝ հրդեհը մարելու համար, սակայն, այն զարգացել է կայծակնային արագությամբ՝ պարուրելով խանութ-սրահի ողջ տարածքը։

Հրդեհի արագ տարածման պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է տարածքի ներքին երեսպատման նյութերի դյուրավառությունը: Հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ, այն պետք է հաստատվի հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Այդուհանդերձ, «ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ-ի ականատես աշխատանիքների դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ, հրդեհն առաջացել է էներգամատակարարման հանգույից, որը միացված էր ընկերության վարձակալության առարկան չհանդիսացող` շենքի տանիքում տեղակայված արեւային կայանին, էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում:

Մամուլում շրջանաովող տեղեկությունների եւ վարկածների հետ կապված, հղում ենք մեր հորդորը՝ ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց, այդ թվում՝ «ԴՈՄՈՒՍ» խանութ սրահում հրդեհային անվտանգության միջոցների բացակայության վերաբերյալ: Այդպիսի միջոցներ առկա եղել են, սակայն, դրանք բավարար չեն եղել աղետը կանխելու եւ արագ վերացնելու համար: Հարկ է նաեւ նշել, որ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից նշված խանութ-սրահում «ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ-ի վարձակալության ժամանակահատվածում երբեւէ չեն արձանագրվել հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ:

«ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ-ն բավարարվածությամբ ցանկանում է միայն արձանագրել, որ հնարավոր է եղել ընկերության աշխատակիցներին, հաճախորդներին եւ խանութ-սրահում գտնված այլ անձանց արագ տարհանել հրդեհի վայրից, եւ որեւէ պատահարներ՝ կապված նրանց կյանքի եւ առողջության հետ, չեն արձանագրվել։ Հրդեհի վնասի ծավալները դեռեւս գնահատվում են, որոնք, սակայն, ընդամենը նյութական են: