Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։ Այսօր Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին»,- նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր, թե աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ մենք ականատես եղանք, թե ինչպես ատելության տարածումն ի վերջո խոսքից վերածվեց հանցագործության։
ՀՀ արտգործնախարարը հավելեց՝ պետք է գտնել ավելի արդյունավետ ճանապարհներ մարդկանց կյանքեր փրկելու համար, ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն՝ նաև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով։
«Հայերի վերաբերյալ բերածս օրինակը տարածվում է բոլոր այլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների իրականացման հանգամանքների և պատճառների վրա, քանի որ այս հանցագործության հիմքերը, ազդակները, ռիսկի գործոնները բավականին միանման են»,- նշեց Միրզոյանը։