Բաց նամակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` Հայաստանից

Hello Mr. President, please accept my respectful assurances and warm greetings from the sunny Armenia. I am glad to welcome you back to the White House. I hope you are well and in a good mood. By the way, I also welcomed your first victory, but, alas, it went unnoticed due to your busy schedule. Instead, with what admiration I watched your first inauguration ceremony, what grandeur there was in all of it… Please also send greetings to your charming wife.

Կներեք, բայց պետք է անցնեմ հայերենի:

Բարեւ Ձեզ, պարոն նախագահ, ընդունեք, խնդրեմ, հարգանացս հավաստիքը եւ ջերմագին ողջույններս արեւավառ Հայաստանից: Ուրախ եմ Սպիտակ տուն Ձեր վերադարձի կապակցությամբ: Հուսամ՝ լավ եք, լավ տրամադրության մեջ: Ի դեպ, ես ողջունել էի նաեւ Ձեր առաջին հաղթանակը, բայց, ափսոս, Ձեր զբաղվածության պատճառով դա աննկատ մնաց: Փոխարենն ի՜նչ հիացմունքով եմ հետեւել Ձեր առաջին երդմնակալության արարողությանը, ի՜նչ վեհություն կար այդ ամենի մեջ… Խնդրում եմ ողջույններս փոխանցեք նաեւ Ձեր հմայիչ տիկնոջը:
Պարոն նախագահ

Նման անսովոր ձեւաչափով Ձեզ դիմելուս պատճառը մեր վարչապետն է: Նա մի տգեղ սովորություն ունի՝ սիրում է քիթը խոթել ուրիշների անձնական նամակագրության մեջ եւ հետո դա հրապարակայնացնել Ազգային ժողովի բարձր ամբիոնից: Ինքը դա բնորոշում է որպես բաց եւ թափանցիկ աշխատանք, մինչդեռ դա մարդավայել կեցվածք չէ: Եվ, ահա, իմ եւ Ձեր անձնական անվտանգությունից ելնելով, գրում եմ ոչ թե փակ, այլ՝ բաց նամակ: Կաշխատեմ հնարավորինս կարճ գրել:

Պարոն նախագահ
Չէի ցանկանա Ձեր լավ տրամադրությունը փչացնել մեր դարդուցավի մասին ծանր խոսակցությամբ, բայցեւ չեմ կարող լռել եւ երկու խոսք չասել այն մասին, որ Սպիտակ տնից Ձեր հեռանալուց հետո մեր երկրի եւ մեր ժողովրդի կյանքում բազմաթիվ հիմար բաներ տեղի ունեցան: Դուք դեռ ԱՄՆ նախագահի պաշտոնում էիք, երբ ավարտվեց 44-օրյա պատերազմը, եւ մեր վարչապետը ստորագրեց նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիան: Դրանից հետո մեզ ոչինչ չէր մնում անելու, քան պահանջել նրա հրաժարականը, քանզի գիտեինք, որ այդ պարտությունը նոր պարտություններ է բերելու իր հետ: Կապիտուլյանտը, սակայն, չենթարկվեց այդ պահանջին: Երբ Դուք այլեւս Սպիտակ տանը չէիք, այդ գործում նրան մեծապես աջակցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաեւ Ձեր լավ բարեկամ Արմեն Սարգսյանը, որը զբաղեցնում էր ՀՀ նախագահի պաշտոնը: Միայն թե ինձ չասեք, պարոն նախագահ, որ Արմեն Սարգսյանին չեք ճանաչում: Ինձ թվում է, Դուք նույնիսկ wikileaks-ի մեջ ընկած Արման Բաբաջանյան անուն-ազգանունով միգրանտին եք ճանաչում: Դա հայ ժողովրդի այն «զավակն» է, որ ԱՄՆ-ից առաջինն անոնսավորեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնակարգի վերաբերյալ փաստաթղթի հնարավոր ստորագրման լուրը: Հիշեցի՞ք: Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը հաջողացնելուց հետո նա փախավ Հայաստանից՝ հավանաբար չցանկանալով վերջինիս հետ կիսել Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի, Արցախի հանձնման եւ հայաթափման պատասխանատվությունը:

Ես չգիտեմ, պարոն նախագահ, Դուք Ձեզ Արցախի ոչնչացման մեջ մեղավոր համարում եք, թե ոչ, բայց Նիկոլ Փաշինյանը Մինսկի խումբն է այսօր մայրուղի հանել, որտեղ համանախագահող երկրներից մեկն էլ ԱՄՆ-ն է: Չէ, բառարանում իզուր մի փնտրեք «մայրուղի հանել» արտահայտության թարգմանությունը, ավելի լավ է դա անել Google-ով, իսկ այնտեղ գրված է` «Fuck You»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նաեւ ԱՄՆ-ին է մեղադրում այս մեծ խայտառակության մեջ: Ես կուզենայի հասկանալ՝ Դուք չե՞ք պատրաստվում, արդյոք, բարձրացնել ՄԽ հեղինակությունն ու խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, որտեղ Ալիեւի, Էրդողանի, ինչու ոչ` նաեւ Նիկոլ Փաշինյանի նման «խաղաղարարների» ավելցուկ է նկատվում: Կարծում եմ՝ Դուք դա կարող եք անել ԱՄՆ հարկատուների փողերը խժռող ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը զուգահեռ, քանզի Հայաստանում եւ Ադրբեջանում եւս ամերիկյան ծագում ունեցող քիչ փողեր չեն լվացվում:

Եվ ավարտեմ փոքրիկ հետգրությամբ: Պարոն նախագահ, ես ինձ իրավունք չեմ վերապահի որեւէ կերպ միջամտել Կանադայի, Մեքսիկայի, Գրենլանդիայի, Պանամայի ուղղությամբ Ձեր վարած քաղաքականությանը: Դա շատ ծիծաղելի կլիներ: Բայց, ահա, Միջազգային զարգացման գործակալության (USAID) փակման ժամկետի կապակցությամբ մեծ անհանգստություններ ունեմ: Ինչո՞ւ եք այդ կառույցի գործունեությունը կասեցրել ընդամենը 90 օրով: Փակել՝ փակել եք, էլ ինչո՞ւ եք վերաբացում Հայաստանում վատ համբավ ունեցող եւ ամերիկյան ժողովրդավարությունը խայտառակող հազարավոր ՀԿ-ների այդ կերակրատաշտը: Ողջունում եմ Ձեր այդ լյուստրացիան թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում, պարզապես երկարացրեք ժամկետն այնքան, մինչեւ մեր «ժողովրդավարները» սովորեն հանրօգուտ աշխատանքով զբաղվել:

Հարգանքներով՝ 
Էդիկ Անդրեասյան