Hraparak.am-ը գրում է. Ախուրյանցի Անոն համացանցում ճանաչում ձեռք բերեց դեռ 2022 թվականին, երբ աչքի ընկավ ընդդիմադիրների մուտքը Գյումրի խոչընդոտելով։ Նա ներկայացավ որպես գերիներից մեկի ծնող, եռանդով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին՝ բղավելով․ «Նիգոլ, Նիգոլ մեր վարչապետ, Նիգոլը հայերի հախիցը պըտի գա»։
Երկու օր է, սակայն, համացանցում է հայտնվել նրա ինքնախոստովանանքը, թե վարչապետի հարցում սխալվել է եւ հրաժարվում է նախկին մտածելակերպից․ «Մեշոկով փող էլ տան, Փաշինյանին չեմ ընտրի , երևաց, թե յուրահատուկ մարդ է, բայց ինքը ժողովրդի ծոցից ելած չէ, ինչ բարեկամություն ես հաստատում թուրքի հետ, թուրքին տվեցիր սաղ տարավ»,- հայտարարեց Անոն՝ բողոքելով, որ բժշկի գնալու, դեղ գնելու փող չունի անգամ։
Երեկ համացանցում մի նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ ախուրյանցի Անոն կրկին փոշմանել է իր ասածներից, եւ Տիկ տոկի իր էջում հայտարարել է, որ ինքը փաշինյանական է։ Հրապարակված տեսանյութով հերքում է նախօրեին ասված իր խոսքերը` հայտարարելով, որ սխալվել է, ջերմության մեջ է եղել, չի հասկացել` ինչ է ասում։
«Էղել ես վարչապետ, կմնաս վարչապետ ու կէղնիս վարչապետ, իմ վարչապետ Փաշինյան», -ասում է նա։
Hraparak.am-ի տեղեկություններով, Անահիտը, որ Ախուրյան համայնքի կոմունալ ծառայության աշխատակցուհի է, տեսանյութից հետո հանգիստ չունի։ Համայնքի չինովնիկները խիստ նկատողություն եւ դիտողություն են արել նրան, որ կատարվածից հետո թող չզարմանա, եթե աշխատանքը կորցնի։ Մեզ պատմեցին, որ Անահիտը փորձել է արդարանալ, թե ոչ սթափ վիճակում է հարցազրույց տվել, նույնիսկ չի հիշում, թե ինչեր է խոսել ։ Իրավիճակը փրկելու համար՝ նրան առաջարկել են նոր տեսանյութով հերքել ասածները, եւ գուցե միայն այդ դեպքում վարչապետը ների իրեն, եւ աշխատանքը չկորցնի։