Search
Close this search box.

Առաջարկել ենք արևմտյան Ադրբեջանից լինի բեռնատար կապ Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ. Փաշինյանը փակագծեր է բացում

Մենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ ենք արել. դա նույնիսկ առաջարկ չի, դա հարցի մի լուծում է, որը, մեր գնահատմամբ և ակնհայտորեն, հաշվի է առնում և Հայաստանի դիրքորոշումները, և Ադրբեջանի դիրքորոշումները: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հաղորդակցության ուղիների բացման թեմային:

«Մենք դիրքորոշումներ ենք ձևակերպում, արտահայտում, այդ դիրքորոշումները փաթեթավորում և այլն, բայց մենք X պահի ոչ միայն մեր դիրքորոշումները արտահայտել ենք, այլև լուծում ենք առաջարկել, որը համ Ադրբեջանի ասած հարցերն է լուծում, համ մեր ասած: Դրանով առաջարկում ենք, որ արևմտյան Ադրբեջանից, այսինքն Ադրբեջանի արևմտյան շրջաններից, լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախջևանի Ինքնավար Հանրապետություն, և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով լինի հաղորդակցություն Երասխից Նախիջեւանի տարածքով Մեղրի եւ հակառակ ուղղությամբ, նաեւ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար և Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար։

Այդ առաջարկի կարևոր նրբություններից մեկը այն է, որ հաշվի առնելով նաև մթնոլորտը, հարաբերությունների լարվածությունը, այս փուլում որոշ ժամանակ մենք սկսենք բեռնափոխադրումները, հետո, երբ որ մթնոլորտը ավելի համապատասխան կլինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին։

Հիմա անկեղծ ասած, սպասում ենք Ադրբեջանի դրական պատասխանին: Եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումները իմանալով, այն որ բանակցությունների ընթացքում (արտահայտվել է, լավ չեմ պատկերացնում, թե ինչու իրենք պիտի դա մերժեն, որովհետև մենք լուծում ենք գտել, որ երկուսիս առաջադրած խնդիրներն էլ լուծում են»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ այս առաջարկը լիարժեք համապատասխանում է խաղաղության խաչմերուկ ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որը Ադրբեջանն է բարձրացնում բանակցությունների ընթացքում:

«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով»,- ասաց նա: