Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Ադրբեջանի քայլերի պատճառով խաղաղ համաձայնագրի ստորագրման խափանման հնարավորությունը։ Այս միտքը նա հնչեցրել է բրազիլական Correio Braziliense պարբերականին տված հարցազրույցում։
Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից հետո մենք կարողացանք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։
Ցավոք, այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում. «Մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաև նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»։