ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ որ Արագած լեռան գագաթին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ժամը 06։00-ի դրությամբ աշխատանքները մեկնարկել են։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։
Հիշեցնենք՝ Հայաստան եկած իսպանացի 9 լեռնագնացներից բաղկացած արշավախումբը Արագածի հյուսիսային գագաթին ձնահյուսի տակ է մնացել։ 8-ը փրկվել են, մեկը ըստ պաշտոնական հաղորդագրության, անհետ կորած է: