Մայիսի 6-ին ռուսական պետական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ընթացքում ցուցադրվել է քարտեզ, որի վրա Լեռնային Ղարաբաղը պատկերված է եղել Ադրբեջանի տարծքից առանձին։ Դա որակվել է որպես լուրջ սադրանք և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա։ Այս պատճառով Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնված են, և այդ իրողությունը ճանաչված է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ անփոփոխ հարգանքի մասին Ռուսաստանի հայտարարությունների ֆոնին՝ ՌԴ պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականությունը խրախուսող նարատիվների հեռարձակումը բացահայտ հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներին։
Պետական մեդիառեսուրսների անպատասխանատու և կողմնակալ մոտեցումն անթույլատրելի է։ Ակնկալվում է, որ ռուսական կողմը հստակ պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ:





