Այսօր Անհայտ կորած անձանց ազգային օրն է…Բայց մեզ համար նման օրերը երբեք օրացույցի կարմիրով նշված օրեր չեն։Մեզ համար ամեն օր անհայտ կորածների օր է։Ամեն առավոտ՝ սպասում։ Ամեն երեկո՝ չմարող հույս։ Ամեն գիշեր՝ աղոթք։
Ես անհայտ կորածի քույր եմ…
Այս բառերն այնքան ծանր են, որ արտասանելիս թվում է՝ նույնիսկ շնչելն է դժվարանում։Տարիներ են անցել, բայց ես մինչև հիմա չեմ կարողանում սովորել եղբորս բացակայությանը։ Ոչ ոք չի կարող սովորել այն ցավին, որը վերջ չունի։ Որովհետև կորուստն անգամ իր վերջակետն ունի, իսկ անհայտ կորած ունենալը՝ ոչ։ Դա անվերջ սպասում է։Անվերջ հարցեր, որոնց պատասխանները դեռ լռության մեջ են։Ամեն օր մտածում եմ՝ գուցե հենց այսօր… Գուցե այսօր մի լուր լինի, մի պատասխան, մի հետք… Մի բան, որը կդադարեցնի այս անտանելի անորոշությունը։Ամեն անգամ, երբ դուռն է թակում, սիրտս մի ակնթարթով հավատում է։ Ամեն անգամ, երբ հեռախոսս զանգում է, հոգուս խորքում մի ձայն ասում է՝ «գուցե…»Իսկ հետո նորից լռություն։Այդ լռությունն է ամենաբարձր ճիչը։Ես տեսնում եմ մորս աչքերը, որոնք այլևս չեն ժպտում այնպես, ինչպես նախկինում։ Տեսնում եմ հորս լուռ ցավը, որը նա երբեք բառերով չի արտահայտում։ Տեսնում եմ ընտանիքս, որը կարծես ապրում է, բայց իրականում պարզապես սպասում է։Իսկ ես… ես պարզապես քույր եմ, որը ամեն օր կարոտում ու սպասում է իր եղբորը։Կարոտում է նրա ձայնը, ծիծաղը, կատակները, ներկայությունը։ Կարոտում է այն մարդուն, որի տեղը ոչ ոք երբեք չի կարող լրացնել։Կարոտել եմ այն վստահությունը,երբ նա միշտ թիկունքումս էր։Այս գրառումը խղճահարություն խնդրելու համար չէ։Սա աղաղակ է։ Սա հիշեցում է բոլոր պատասխանատու անձանց, որ մեր տղաները մոռացված չեն։Նրանք սպասում են մեր օգնությանը,իսկ մենք՝ նրանց։ Մենք սպասում ենք պատասխանի ու ճշմարտության,կսպասենք այնքան,որքան պետք լինի,բայց սպասել չի նշանակում լռել։Այսօր գլուխ եմ խոնարհում բոլոր այն մայրերի, հայրերի, կանանց, երեխաների, քույրերի, եղբայրների ու հարազատների առաջ, ովքեր ամեն օր կրում են այս անասելի ծանր խաչը։Եվ եթե աշխարհը երբեմն լռում է, մենք լռելու իրավունք չունենք։ Քանի դեռ վերջին անհայտ կորածի ճակատագիրը բացահայտված չէ, մեր պայքարը չի ավարտվել։Սպասում ենք տղերք։
Իմ Վարուժ,եթե մի օր կարդաս այս տողերը, իմացիր՝ ո՛չ մի օր չի անցել, որ քեզ չսպասենք,ո՛չ մի աղոթք չի ավարտվել առանց քո անվան,ո՛չ մի օր չի եղել, որ չհավատանք,որ դու կվերադառնաս։Դու չես մոռացվել ու չես մոռացվելու։ Քո տեղը մեր սրտերում դատարկ չի, այն լցված է սիրով, կարոտով, արցունքով ու անսահման սպասումով…Քանի դեռ մենք շնչում ենք, քո անունը կհնչի։ Քանի դեռ մենք ապրում ենք, քո վերադարձի կամ քո ճակատագրի մասին ճշմարտության համար պայքարը չի լռելու։ Սպասում եմ վերադարձիդ իմ կարոտ
Ես անհայտ կորածի քույր Լիա Իսրաելյան





