Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում 30-ամյա քաղաքացու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով. Aysor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Գոռ Աբրահամյանի խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
«Քաղաքացու ձեռքին եղել է նաև հեղուկով շիշ։ Այդ շշի պարունակությունը պարզելու ու հասկանալու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որը կպարզի, թե դա որքան կապ ունի նրա մահվան հետ»,– ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com–ը գրել էր, որ Բրազիլիայի քաղաքացի 30-ամյա Առաուջոլիմա Լուկասը մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին` սիրտ-թոքային անբավարարության պատճառով։
Իսկ «Հրապարակ»-ը գրել էր, որ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել Բրազիլիայի քաղաքացու ձեռքին, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Ըստ թերթի` մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա րոպեներ անց մահացել է։