«Ժողովուրդ». Ստեփանավանի համայնքապետը սեփական առանձնատունը կառուցելուց հետո հյուրանոց է կառուցում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականից կոռուպցիայի դեմ պայքարը իշխանության առանցքային խոստումներից էր։ Սակայն Ստեփանավանի համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գործունեության շուրջ կուտակված փաստերն ու հրապարակումները հարցեր են առաջացնում համայնքի ղեկավարի ունեցվածքի աճի, ընտանիքին փոխկապակցված ընկերությունների գործունեության, համայնքային գույքի տնօրինման և բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը երկար տարիներ պետական համակարգում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ 2000-2010 թվականներին ղեկավարել է Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժինը, 2010-2012 թվականներին՝ ՊԵԿ Տաշիրի հարկային տեսչությունը, 2012-2020 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա»-ի Ստեփանավանի ծառայության պետը։

2020 թվականի նոյեմբերի 24-ին նշանակվել է Ստեփանավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել համայնքի ղեկավար։

Ստեփանավանում զրուցակիցները պնդում են, որ համայնքապետը վայելում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աջակցությունը, ինչը, նրանց խոսքով, նպաստում է նրա քաղաքական դիրքերի ամրապնդմանը։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ստեփանավանի համայնքապետարանը զոհված զինծառայողների ընտանիքներին, կանանց միամսյակի կապակցությամբ, հատկացրել է 50-ական հազար դրամ։ Մինչ այդ նույն ընտանիքները մայիսի 9-ի առիթով ստանում էին 10 հազարական դրամ։ Մի շարք հասարակական կազմակերպություններ այս քայլը գնահատել են որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործում։

«Ժողովուրդ» օրաթերթը Ստեփանավանից տեղեկություններ է ստացել, որ Աշոտաբերդ թաղամասում ապամոնտաժված խողովակաշարերը, ճանապարհային բետոնե պանելները, ինչպես նաև քանդվող բազմաբնակարան շենքերից դուրս բերված փայտանյութը տեղափոխվել են համայնքի ղեկավարի կողմից վերահսկվող տարածք։

«Ժողովուրդ»-ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ Արմեն Գրիգորյանը կառուցել է շքեղ առանձնատուն, որի արժեքը, տարբեր գնահատականներով, կարող է հասնել շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի։ Նա շահագործում է նաև Lexus LX600 մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 100-130 հազար ԱՄՆ դոլար։

Բացի այդ, համայնքի կենտրոնում ընթանում է հինգհարկանի հյուրանոցի շինարարություն։ Ըստ ստացված տեղեկությունների՝ շինարարության թույլտվությունը տրամադրել է հենց համայնքապետարանը։

Պարզաբանում ստանալու համար ArmLur.am-ի լրագրողը մի քանի անգամ զանգահարել է Ստեփանավանի համայնքապետարան, որտեղից մեր բոլոր զանգերին ի պատասխան փոխանցել են, որ Արմեն Գրիգորյանը նիստի է և չի կարող պատասխանել հարցերին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։