«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Տարեսկզբին, երբ կրկին Կոմիտասի շուկայի վաճառականներին ստիպեցին լքել շուկայի տարածքը, մամուլը գրեց, որ սեփականաշնորհող ընկերությունը GTB Holdings ՍՊԸ-ն է։
Իսկ ո՞վ է այդ արտոնյալ գործարարը: Շուկայի վաճառականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցելիս պնդում էին, որ շենքի տարածքում բնակելի շենք է կառուցվելու, իսկ իրենք իրենց հանապազօրյա հացը չեն կարողանալու վաստակել: Այսինքն՝ շարքային բնակիչը տուժելու է, իսկ խոշոր գործարարի բիզնեսը՝ զարգանալու:
Իսկ ո՞վ է խոշոր գործարարը, որի կարիքներն ու բիզնես նկրտումները ՀՀ քաղաքացու շահերից բարձր են դասել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները:
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներց պարզեց, որ GTB Holdings ՍՊԸ-ն հիմնադրվել է 12.07.2022 թվականին: Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է, ներառում է հետեւյալ կազմակերպությունները՝ «ԳՏԲ Անհաղթ» ՍՊԸ-ն, «Յունիոն սերվիս» ՍՊԸ-ն , «ՋԻ ԹԻ ԲԻ Սթիլ» ՍՊԸ-ն եւ «ՋԻ ԹԻ Բի Բիլդ» ՍՊԸ-ն: Ընկերությունները տարբեր շինարարական եւ կառուցապատման նախագծեր են ներկայացնում. Երեւանում այսպիսիք են, օրինակ, Դավիթ Անհաղթ 25 հասցեում կառուցվող նոր եւ ինքնատիպ բազմաբնակարան շենքն ու հայտնի Կոմիտասի շուկայի ետնամասում կառուցվելիք բազմապրոֆիլ ու բազմաբնակարան շենքը, ինչպես նաեւ կազմակերպությունների նախագծերից է Երասխի կրակոցներից փրկված-տեղափոխված ամրանների գործարանը:
Իսկ ովքեր են GTB Holdings ՍՊԸ-ի սեփականատերերը. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։
Նոնո Սարգսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Նոնո Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում Կոմիտասի շուկայի աշխատակիցներին. սակայն չհաջողվեց, մեր հաղորդագրությունները մնացին անպատասխան։ Հավելենք, որ Նոնո Սարգսյանի ամուսինը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ խոշոր գործարար, որը անգամ դիվանագիտական անձնագրով ոչ վաղ անցյալում ազատ ելումուտ էր անում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում