Search
Close this search box.

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի քրեական գործով (կաշառքով մանր եղջերավոր անասուններ արտահանելու քրգործը) նոր ապացույցներ են ի հայտ եկել։

Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ նախաքննական մարմինը առաջիկայում առարկայական գործողությունների կգնա։

Նշենք, որ Դատախազության՝ ArmLur.am-ի աղբյուրները հայտնել էին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին մի քանի անգամ կոնկրետ այս գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով։

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում տրված ցուցմունքի համաձայն՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

ՔՊ պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար. նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը, սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում