Search
Close this search box.

Վրաստանի դատախազությունը նախագահին կանչել է հարցաքննության

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել դատախազություն. պատճառը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին նրա հայտարարություններն են, հայտնում է ekhokavkaza.com-ը։

Վրաստանի դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ՝ հիմնվելով 2024 թվականի հոկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Վրաստանի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով («Ընտրակեղծարարություն») ներկայացրած բողոքի վրա:

«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և ԶԼՄ-ների միջոցով հանրային տիրույթում տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծումների մասին և, ինչի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով Վրաստանի նախագահը հարցաքննության է հրավիրվել այս տարվա հոկտեմբերի 31-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Նախօրեին Զուրաբիշվիլին երկրի իշխանություններին՝ «Վրացական երազանք» կուսակցությանը, մեղադրել է, հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով, ռուսական մեթոդներ, մասնավորապես, այսպես կոչված, «հայկական կարուսել» մեխանիզմը կիրառելու համար: Նա այս մասին ասել էր Associated Press-ին տված հարցազրույցում:

Նրա պնդմամբ՝ կազմակերպվել է կեղծման չափազանց կատարելագործված մեխնաիզմ, որը ներառել է թե՛ «սովորական», թե՛ արտառոց մեթոդներ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, սարքերի կիրառմամբ:

«(Տեխնոլոգիաների կիրառման համատեքստում) օգտագործվել է, այսպես կոչված, «հայկական կարուսելը»: Մենք դա անվանում ենք «հայկական կարուսել»: Չգիտեմ՝ արդյոք նրանք էլ (Հայաստան-Խմբ.) դա անվանում են «վրացական կարուսել»։ Դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ (իշխանությունները) սոցիալապես անապահով անձանցից, կալանավորների ընտանիքներից տարբեր պատրվակներով վերցնում են անձը հաստատող փաստաթղթերը, և ոչ մեկ չէր հասկանում՝ ինչու էին նրանք դա անում, արդյոք դա ճնշո՞ւմ էր: Իրականում դրանք օգտագործվել են, որպեսզի նույն անձը գնա և նույն ID քարտով քվեարկի՝ որոշ դեպքերում մինչև 17 անգամ… Նրանց (իշխանությունների) ձեռքում հայտնվել էին մեծ քանակությամբ անձը հաստատող փաստաթղթեր»,- ասել էր Վրաստանի նախագահը:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն, «Միացյալ ազգային շարժում»-ը, «Գախարիան հանուն Վրաստանի» և «Ուժեղ Վրաստան»-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Նրանք հայտարարել են, որ հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում։ Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։