Հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Զուտերին՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով։
Այսօր համապատասխան նամակները հանձնվել են ՀՀ արտգործնախարություն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն։
ՀՀ արտգործնախարության մոտ հավաքվածներից Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հիշեցրեց՝ Ադրբեջանում պատանդառված անձինք ՀՀ քաղաքացի են։
Այդ պատճառով Հայաստանը պետք է դիմի Շվեյցարիային, որ նա, որպես չեզոք երկիր, իր հերթին դիմի Ադրբեջանին հասնի նրան, որ ՀՀ քաղաքացիներն օգտվեն հյուպատոսական ծառայությունից, Շվեյցարիայի հյուպատոսն Ադրբեջանում պարբերական այցելություն ունենա այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Նշվում է նաև, որ պետք է շտապ բժշկական օգնություն կազմակերպել Ռուբեն Վարդանյանի համար:
Հավելենք՝ երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել էր, որ Ադրբեջանում քննարկվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Մինչ օրս հայ գերիների հետ կապը քիչ թե շատ ապահովվում է այդ կառույցի միջոցով։