Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի՝ աշխատանքային միգրանտների երեխաները 18 տարին լրանալուց հետո պարտավոր կլինեն լքել ՌԴ-ն կամ 30 օրվա ընթացքում ձևակերպել սեփական աշխատանքային արտոնագիրը։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Օրենքի համաձայն, օտարերկրյա քաղաքացու անչափահաս երեխաների՝ այդ թվում որդեգրված կամ խնամակալության տակ գտնվողների, ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգվում է նրանց ծնողի աշխատանքային արտոնագրի գործողության ժամկետով, սակայն ոչ ուշ, քան երեխայի 18 տարին լրանալը, հաղորդում է РИА Новости-ն։
]Գտնվելու ժամկետը երկարաձգելու համար ծնողը պարտավոր կլինի յուրաքանչյուր երեխայի հաշվառմամբ վճարել ֆիզիկական անձանց եկամտահարկի ֆիքսված կանխավճարը։ Եթե աշխատանքային արտոնագիրը չի երկարաձգվում կամ չեղարկվում է, ապա օտարերկրյա քաղաքացին երեխաների հետ միասին պետք է 15 օրվա ընթացքում լքի Ռուսաստանը, եթե երկրում գտնվելու համար այլ օրինական հիմքեր չկան։
Օտարերկրացին 18 տարին լրանալուց հետո պարտավոր է 30 օրվա ընթացքում լքել Ռուսաստանը, բացառությամբ երկու դեպքի՝ եթե նա երկրում գտնվելու կամ բնակվելու այլ օրինական հիմքեր ունի, կամ եթե նույն 30-օրյա ժամկետում դիմում ներկայացնի սեփական աշխատանքային արտոնագիր ստանալու համար և վճարի ֆիզիկական անձանց եկամտահարկի ֆիքսված կանխավճարը։ Ընդ որում, այդ դեպքում պետք չէ ներկայացնել կրթության մասին փաստաթուղթ, որը սովորաբար պահանջվում է աշխատանքային արտոնագիր ձևակերպելիս։





