Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է հայտնել նոյեմբերին Երևանի և Անկարայի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման մասին։ Նա Հանրային հեռուստատեսության եթերում նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերն անցկացրել են Ախուրիկ/Աքյաքա երկաթուղային անցակետի վերագործարկման տեխնիկական գնահատում։ «Երկու կողմերից հանդիպմանը մասնակցել են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այսինքն՝ այն գերատեսչությունները, որոնց կարող է վերաբերել երկութուղու վերագործարման հետ կապված գործընթացը։ Բավականին մեծ պատվիրակություններ էին»,- ասել է Ռուբինյանը։
Փոխխոսնակի խոսքով՝ հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում»։ Ռուբինյանը տեղեկացրել է նաև, որ հանդիպմանը ներկա էին այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու կլինեն Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման համար։ Միաժամանակ՝ նա նշել է, որ երկու երկրների միջև երկաթուղային կապի վերագործարկման վերաբերյալ կողմերի միջև քաղաքական համաձայնություն չկա։ «Պայմանավորվածություն չկա։ Բայց երկու կողմերը հասկանում և ըմբռնում են, որ իրենց վերջնական նպատակն է սահմանի ամբողջական բացումը, իսկ այդպիսի ակնկալիք կա։ Իմ և Թուրքիայի ներկայացուցչի բոլոր հանդիպումներից հետո նույնաբովանդակ հայտարարություններ ենք տարածել և նշել, որ մեր վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումն է և սահմանի բացումը»,- հավելել է Ռուբինյանը։ Դեկտեմբերի 10-ին Ռուբինյանը հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա սահմանին նոյեմբերին տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում։
Ռուբինյանն ու Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։