Freearmenianprisoners.com կայքը հրապարակում է որոշ մանրամասներ լսումներից, որոնք Վարդանյանի ընտանիքին հասանելի են դառնում տեղի փաստաբանի միջոցով:
Փետրվարի 10-ի նիստում Ռուբեն Վարդանյանը դատական կոլեգիայի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ՝ հիմնավորելով իր խնդրանքը հետևյալ փաստերով․
— Իրավունքների խախտում. դատական կոլեգիան անտեսել է դատավարական իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել նախաքննական փուլում։
—Միջազգային իրավական նորմերի անտեսում․ դատարանն անտեսել է միջազգային կիրառելի չափորոշիչները, որոնք կարող էին ապահովել դատավարության արդարությունը:
—Թարգմանական սխալներ. տրամադրված նյութերը պարունակել են թարգմանական լուրջ սխալներ ու աղավաղումներ, ինչը նաև հենց դատարանն է ընդունել:
— Դատական անհամապատասխանություններ. նախնական լսումների ժամանակ դատարանը միայն մեկ միջնորդություն է բավարարել (հետաձգման վերաբերյալ), մինչդեռ մնացած բոլոր միջնորդությունները մերժվել են և դուրս են մնացել դատարանի որոշումից:
Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը վերահաստատել է դատական կոլեգիայի բացարկի միջնորդությունը՝ հղում անելով իրավական նորմերին, ինչպես նաև անձամբ հաստատելով դատավարական խախտումները, որոնց ականատեսն է եղել որպես նախաքննական գործընթացի մասնակից: Դատարանը, սակայն, այս միջնորդությունը թողել է առանց քննարկման։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է և հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 13-ին: Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը նախատեսված է այսօր: